Մատչելիության հղումներ

Ծառուկյանը Վանաձորում խոստացավ մեծամասնություն ունենալու դեպքում իր ծրագիրն իրագործել 1 ամսում


«Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վանաձորում, 10-ը մարտի, 2017 թ․
«Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վանաձորում, 10-ը մարտի, 2017 թ․

ԿԸՀ-ի կողմից նախազգուշացում ստացած Ծառուկյանն այսօր մարդկանց օգնելու խոստումներ չտվեց, փոխարենը՝ հավաքվածների կողմից մեծ թվով նամակներ ու ծրարներ ստացավ:

«Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստացավ քվեների 50 տոկոս +1 ձայն ունենալու դեպքում ընդամենը մեկ ամսում կատարել իր նախընտրական ծրագրի բոլոր 15 կետերը: «Եթե մեզ հնարավորություն եղավ, 50 +1 տոկոսը տվեցիք մեզ, այդ 15 կետն անմիջապես նույն ամսում իրականություն է դառնալու»,- հայտարարեց նա:

Վանաձորցիների հետ հանդիպմանը մեծահարուստ գործարարը խոստացավ նաև ընտրվելու դեպքում բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, աշխատատեղեր ստեղծել, բանկային տոկոսադրույքները նվազեցնել: Միևնույն ժամանակ, նա շեշտեց՝ այդ ամենի համար պետք է համակարգ ու օրենք փոխել:

«Համակարգ պետք է փոխվի, կարգ պետք է փոխվի, օրենք պետք է փոխվի, մոտեցում փոխվի, ոնց որ մարդն իր սեփական գումարներն ա մտածված ծախսում, նպատակային, որ շահութաբեր լինի: Ոչ թե բյուջեի գումարներն աննպատակ ծախսեն և ոչ մի արդյունք չլինի»:

Իր ելույթի ընթացքում Ծառուկյանն անդրադարձավ մարդկանց այն մտահոգությանը, թե ինքը դարձյալ «ետ կկանգնի, ինչպես 2015-ին»: Հիշեցնենք, այն ժամանակ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը քաղաքականությունից դուրս եկավ իշխանափոխության կոչեր հնչեցնելուց, ապա՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սուր քննադատության ենթարկվելուց հետո: Եվ միայն այս հունվարին Ծառուկյանը հայտարարեց «քաղաքականության փակվածը էջը վերաբացելու» մասին:

«Ես արյունահեղության չեմ կարող գնալ, որովհետև հեղափոխությունն առանց արյուն չի լինում: Էջը ծալել էի, որովհետև ես քաղաքականությամբ չեմ ապրում, ես ուզում եմ օգտակար լինել, պիտանի լինել մեր ապագայի համար, մեր ժողովրդի, մեր երեխաների համար»,- Վանաձորում ասաց Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնելով 2012 թվականին իր կուսակցության ստացած ձայների մասին, նա ասաց, թե ժամանակին իշխանության հետ կոալիցիա չկազմեցին՝ այսօր ավելի շատ ձայներ ստանալու ակնկալիքով:

«Կոալիցիա մտնելով՝ խնդիր չես լուծում, քո կաշին ես փրկում: Իմ խոստումները քարոզարշավի ես պետք է իրականություն դարձնեի, եթե չեմ կարող դարձնել, ի՞նչ անեմ: Դրա համար ես կոալիցիա չմտա, իմ թիմին էլ ասեցի՝ դուրս եկան, ժողովրդի վստահությունը ես չեմ կարա իրականացնեմ, ուրեմն ձեռնպահ ենք մնում, որովհետև ժողովուրդը սպասելիք ունի մեզնից, որ էս անգամ ավելի շատ ձայն տա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Վանաձորում, ինչպես միշտ, նրան աղուհացով դիմավորեցին: Հանդիպման էին եկել ոչ միայն վանաձորցիները, այլև շրջակա գյուղերի բնակիչները: ԿԸՀ-ի կողմից նախազգուշացում ստացած Ծառուկյանն այսօր մարդկանց օգնելու խոստումներ չտվեց, փոխարենը՝ հավաքվածների կողմից մեծ թվով նամակներ ու ծրարներ ստացավ: Շատերին էլ չհաջողվեց իրենց դիմումը կամ խնդրանքը փոխանցել «Ծառուկյան դաշինքի» առաջնորդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG