Մատչելիության հղումներ

Լույս է տեսել Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի հայերեն թարգմանությունը


Բանասիրական գիտությունների դոկտոր, թարգմանիչ Արա Առաքելյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, թարգմանիչ Արա Առաքելյան

Թարգմանիչը Երևանի պետական համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանն է, ով 20-րդ դարի գերմանացի խոշորագույն գրողների հանրահայտ վեպից բացի, ներկայացրեց Ֆրանց Կաֆկայի ստեղծագործության մասին իր մենագրությունը:

«Հայերենում առաջին անգամ Կաֆկայի մասին մենագրություն է, նվիրված է նրա օրագրերին: Ես խորամանկություն եմ արել՝ Կաֆկային մոտենում եմ օրագրերի ճանապարհով, և ամբողջ նրա գրական ժառանգությունն ու կյանքը բացվում է մեր առաջ: Ինչ մնում է Հերման Հեսսեի «Հուլունքախաղին», ապա դա 20-րդ դարի մեծագույն արժեքներից մեկն է, մեծագույն վեպերից մեկն է, գերմանական արձակի պարծանքներից մեկը, որ վերջապես թարգմանվեց հայերեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արա Առաքելյանը:

«Հեսսեի թարգմանությունը վերջին տասնամյակների մեր թարգմանական նվաճումներից է», - ասաց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը: - «Համաշխարհային արձակի ուղենշային վեպերից է, որը թե՛ մեթոդի, թե՛ ձևի, թե՛ բովանդակության, թե՛ կառուցվածքի, թե՛ թեմատիկայի տեսակետից ուղղակի արյուն է ներարկել 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ: Վաղուց վեպի պահանջը օդում զգացվում էր հայերենով հնչեցվելու: Փառք Աստծո, վերջապես ունեցանք Արա Առաքելյանի շատ լավ թարգմանությամբ: Հեսսին թարգմանելը քարտաշի աշխատանք է պահանջում: Ինքը շատ բարդ ոճ ունի, որտեղ թեթևության հասնում է ծանրությամբ և ծանության հասնում է թեթևությամբ: Շատ հարուստ բառապաշար ունի: Վեպը նոբելյան մրցանակի արժանացել է նաև ոճական իր հնարքների համար: Փառահեղ թարգմանություն»:

Հենրիկ Էդոյանը Արա Առաքելյանին բնորոշեց որպես գիտնական թարգմանիչ․ - «Մինչև Հեսսեն «Հուլունքախաղին» հանգեց իր ստեղծագործական ճանապարհի վերջում, այնպես էլ մենք՝ Հեսսեի թարգմանիչներս, այդ թվում՝ ես, մտածեցինք, որ ամենաճիշտը կլինի, որ վերջում արվի դա»:

Էդոյանն հավելեց, որ ինքն այժմ թարգմանում է Կաֆկայի օրագրերը, որոնք կմտնեն առաջիկայում հրատարակվելիք չորս կամ հինգհատորյակի մեջ:

XS
SM
MD
LG