Մատչելիության հղումներ

Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել ընտրությունների առնչությամբ


Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ժողով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, արխիվ

Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ժողով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, արխիվ

Մարտի 7-9-ը Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը անդրադարձ է կատարել ազգային կյանքին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում նաև՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ ընտրությունների առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է․ - «Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տոնակարգով Մեծ պահքի խորհրդաշատ և աղոթական օրեր է ապրում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, ինքնաքննության, զղջումի և ապաշխարության մի շրջան։ Պահոց այս շրջանի ընթացքում՝ ապրիլի 2-ին, որը նաև նվիրական օր է մեր ժողովրդի համար ապրիլյան քառօրյա պատերազմի մեր նահատակ զավակների լույս հիշատակով, տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները. կարևոր իրադարձություն ազգային մեր կյանքում, շրջադարձային հանգրվան հայոց պետականաշինության մեջ։ Առաջիկա ընտրություններն առանձնակի նշանակություն ունեն մեր հայրենիքի համար՝ հունավորելով անցումը նոր, խորհրդարանական կառավարման ձևին և պայմանավորելով նաև Մայր Հայաստանի հետագա զարգացումը»։

«Գերագույն հոգևոր խորհուրդը դիմում է մեր Եկեղեցու զավակներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ մասնակցելու ընտրություններին հայրենիքի և մեր ժողովրդի ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ ու նախանձախնդրությամբ։ Կոչ ենք անում քվեարկել խղճի մտոք, առկա քաղաքական տարակարծությունների մեջ տեղի չտալ հուզումների, առավել ևս՝ անհանդուրժողականության և հակառակությունների», - ասված է հայտարարությունում:

Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին և առաջադրված թեկնածուներին նախընտրական ու ընտրական գործընթացներում դրսևորել խոհեմության, զսպվածության և փոխադարձ հարգանքի ոգի:

«Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին ողջունում է բոլոր այն ազնիվ ազգանվեր նախաձեռնություններն ու ձգտումները, որոնք ուղղված են մեր ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին, հայրենիքի խաղաղությանը, զորացմանն ու ապահովությանը», - հայտարարում է Գերագույն հոգևոր խորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG