Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը պատրաստ է առաջնորդելու «կտրուկ և կոշտ բարեփոխումները Հայաստանում»


«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքն այսօր ընտրողների հետ հանդիպումներ է անցկացնում Կոտայքի մարզում:

«Ափսոս են նրանք, որոնք տարբեր մարդկանց կողմից օգտագործվում են և հետո շպրտվում», - Սեյրան Օհանյանն այսօր այսպես հակադարձեց իր նախկին գործընկեր, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով գնահատելով Պաշտպանության նախկին նախարարի ընդդիմադիր գործունեությունը, ասել էր՝ ափսոս էր գեներալը:

Աշոտյանը չէր մանրամասնել, թե ինչ նկատի ունի․ - «Երբ որ հետևում եմ Ֆեյսբուքում քննարկումներին Սեյրան Օհանյանի հանրային ելույթներից հետո մի ընդհանուր հոգոց կա՝ ափսոս էր գեներալը: Ես միանում եմ այդ հոգոցին»:

«Ի՞նչ է նշանակում ափսոս էր», - այսօր հակադարձեց Օհանյանը․ - «Ափսոս են նրանք, որոնք որ ճիշտ աշխատանք չեն տանում մեր հայրենիքի համար: Ափսոս են նրանք, որոնք որ տարբեր մարդկանց կողմից օգտագործվում են և հետո շպրտվում»:

Իշխանափոխության ծրագրով ընտրապայքար մտած Սեյրան Օհանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ ընտրություններով հնարավոր է հասնել արդյունքի: Առայժմ չի քննարկում հետընտրական պայքարի սցենարը, միայն վստահեցնում է, որ կեղծիքների հեղինակներն անպատասխան չեն մնա․ - «Չէի ուզի, որ հետընտրական զարգացումներ լիներ: Կհորդորեի, որ բոլորը այնպես անեն, որ քաղաքակիրթ ձևով ընտրությունները մենք կատարենք, որպեսզի ազնիվ լինի դա, որպեսզի հետընտրական զարգացումների մասին ոչ մեկը չմտածի․․․ Եթե կեղծվեն, ապա կեղծողներին պետք է պատժենք»:

Դաշինքն այսօր հանրահավաքներ անցկացրեց Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում: Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի վերադարձել Միացյալ Նահանգներից:

Ելույթներ էին ունենում նաև Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը:

Հրազդան քաղաքում Սեյրան Օհանյանը Վրաստանի օրինակը․ - «Մենք մեր հարևան Վրաստանից մի մեծ քայլ հետ ենք մնում, որովհետև մեզ էլ են պետք կտրուկ և կոշտ բարեփոխումներ: Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կտրուկ և կոշտ բարեփոխումները Հայաստանում: Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կարգ ու կանոն հաստատելու և արդարություն ամրապնդելու Հայաստանում: Ջախջախենք այն հուսալքության, հուսախաբության մթնոլորտը, որը գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում»:

Նա հիշեցրեց, որ Սաակաշվիլին բարեփոխումներից հետո արդար ընտրություններ անցկացրեց ու խաղաղ հանձնեց իշխանությունը: Միաժամանակ Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, որ Սաակաշվիլին սխալվեց՝ դրսևորելով հակառուսականություն:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Կոտայքի բնակիչներին բացատրում էր, որ առանց իշխանափոխության ոչ մի առաջընթաց չի լինելու․ - «Այսօրվա մեր վիճակի, ձեր վիճակի հիմնական պատճառը իշխանության անգործությունն է: Նրանց մոտ ցանկություն չկա ինչ-որ բան փոխելու, որովհետև փոփոխությունը իրենց շահերին չի համապատասխանում: Նրանց հետաքրքրում է երկու բան՝ աթոռ և փող, այսինքն ինքնահարստացում»:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոստացավ իշխանության գալուն պես քաղբանտարկյալներին ազատ արձակել՝ հավելելով․ - «Մենք մերժում ենք ձեր իշխանությունը, որովհետև ձեր իշխանությունը յուրացնողների իշխանություն է, ձեր կարգախոսը ոչ թե անվտանգությունն է, այլ վտանգավորությունը, այլ հետընթացը»:

Հրազդանում Սեյրան Օհանյանն այցելեց «Ելք» դաշինքից Կոտայքում առաջադրված Սասուն Միքայելյանի շտաբ: Նա, սակայն, տեղում չէր:

Հանրահավաքից հետո նա այցելեց Հրազդան քաղաքում «Ելք» դաշինքից առաջադրված առաջադրված թեկնածու, իր մարտական ընկեր Սասուն Միքայելյանի շտաբ, բայց վերջինս շտաբում չէր:

«Ազատության» հետ զրույցում նախկին Պաշտպանության նախարարն ասաց, որ Սասուն Միքայելյանին և «Ելք» դաշինքը մրցակից չի համարում: Ասաց, որ Սասուն Միքայելյանի հետ մի քանի հանդիպումներ է ունեցել, կարճ հանդիպում է ունեցել նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ․ - «Ես բոլորին շատ լավ եմ վերաբերվում, հարգում եմ բոլորին: Մենք պայքարում ենք հաղթելու համար»:

«Ելք» դաշինքի առանրոդները, հիշեցնենք, քննադատել են Սեյրան Օհանյանին՝ կասկած հայտնելով, թե նա իրական ընդդիմադիր է:

Ընտրություններից հետո կոալիցիա ձևավորելը Պաշտպանության նախկին նախարարի գլխավորած դաշինքը բացառում է միայն իշխող Հանրապետական կուսակցության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG