Մատչելիության հղումներ

Կուբացիներից խոշոր չափերի գումար է հափշտակվել ԱՄՆ մեկնումը կազմակերպելու նպատակով. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով կուբացիներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությունը։

Ըստ հաղորդագրության, Երևանում գտնվող Կուբայի քաղաքացի Գոմեսսը 2016 թվականին գրավոր հաղորդում է ներկայացրել Հայաստանի իրավապահ մարմիններին առ այն, որ իր ընտանիքի անդամների՝ ընդհանուր առմամբ 6 հոգու՝ ԱՄՆ-ում մշտական բնակության հարցը կազմակերպելու նպատակով իրենից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն մեկնումը չեն կազմակերպել և ոչ էլ գումարն են վերադարձրել։

«Կուբայի քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով նախաքննությունը 2017 թվականի փետրվարից իրականացվում է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Կուբայում բնակվելու ընթացքում ոմն Բարբարա խոստացել է Գոմեսսին Հայաստանում կազմակերպել վերջինիս ընտանիքի անդամների և հարազատների, ընդհանուր առմամբ 6 հոգու, մեկնումը ԱՄՆ՝ մշտական բնակության համար։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նշված 6 անձինք Հավանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանել են Հայաստան։ Այստեղ նրանց հետ հանդիպել են Կուբայի երկու այլ քաղաքացի և ԱՄՆ մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով վերցրել առանձնապես խոշոր չափերի գումար. նախնական տվյալներով՝ 36 հազար 300 ԱՄՆ դոլար և 2 հազար եվրո։ Քննությամբ պարզվել է ոմն Բարբարայի ինքնությունը, բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կուբայի Հանրապետության քաղաքացի Բարբարային մարտի 4-ին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ մյուս անձանց հայտնաբերելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

«Տեղեկացնում ենք, որ, ըստ քննության տվյալների, Բարբարայի և նրա գործընկերների գործողություններից տուժել են Երևանում գտնվող Կուբայի նաև այլ քաղաքացիներ։ Խնդրում ենք տուժած անձանց դիմել Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն (հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Մամիկոնյանց 46/5) կամ զանգահարել 011 880-089, 011 880- 007 հեռախոսահամարներով», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG