Մատչելիության հղումներ

Եթե Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հովանավորյալը չլինի, երեք վստահված անձ չի կարող հավաքել. Փաշինյան


Այն պահին, երբ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հովանավորյալը չլինի, ինքը երեք վստահված անձ չի կարող հավաքել՝ նույնիսկ տենդեր հայտարարելու միջոցով։ Երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե իրենց թիմը այսօր մրցակից չունի, և որ իրենց հետ փորձում են մրցել ընդդիմադիրներ, ովքեր անգամ երկու հազար վստահված անձ չեն կարողանում ունենալ։

«Ընդհանրապես այդ ցինիկ հայտարարությունները... Ես չեմ հասկանում, էդ Հանրապետականների մոտ ի՞նչ մարդկային տեսակ ա՝ տենց ցինիկ՝ իրենք մրցակից չունեն ոչ մեկին... Նույնիսկ իրենց մերձ սոցիոլոգիական կենտրոնների հարցումներով՝ իրենց վիճակը շատ վատ է և գնալով վատանում է, էդ ինչի՞ վրա են տենց առանձնապես ուրախացել», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Արմավիր քաղաքում Հանրապետական կուսակցության մարտի 8-ի քարոզարշավի ժամանակ, հիշեցնենք, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր․ - «Մենք կարողացանք էս հինգ տարում գալ ընտրությունների ուժեղացած և արդիականացած լուրջ թիմով: Մի թիմ, որը այսօր, իմ խորին համոզմամբ, չունի մրցակից մեր երկրում, մի թիմ, որտեղ թե՛ կրթական ցենզի, թե՛ անցած ճանապարհի, թե՛ գործարար աշխարհում և թե՛ պետական կառավարման համակարգում մեծ հաջողություններ գրանցած անհատներ են հավաքված: Ո՞վ պետք է մրցի այդ թիմի հետ: Այն ուժը, որը երկու հազար հոգի չի կարում հավաքի, որպեսզի լրացնի վստահված անձերի տեղե՞րը ընտրատեղամասերում: Չէ՞ որ դա ուղղակի զավեշտական է, դա ուղղակի անհնար է»:

Ըստ Փաշինյանի, կոռեկտ հայտարարություն կլիներ, եթե Վիգեն Սարգսյանն ասեր, որ կոռուպցիայի հարցում ՀՀԿ-ն մրցակից չունի։ «Եթե ինքը ասեր՝ «կոռուպցիայի հարցում մենք որևէ մրցակից չունենք, որովհետև ոչ մեկ երկու հազար կաշառակեր չի կարող հավաքել, ինչպես ես ու իմ ղեկավար Սերժ Սարգսյանն է հավաքել», Վիգեն Սարգսյանը, դա կլիներ կոռեկտ հայտարարություն։ Գիտե՞ք, մի քիչ տարօրինակ իրավիճակ է, այսինքն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է մի մարդ, որը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում, և ընդհանրապես, տեսեք, էդ իրավիճակը կա, չէ՞, որ հիմա, երբ որ «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն ասում են, որ մեր ցուցակի մեծ մասը նոր քաղաքական դեմքեր են, նոր քաղաքական ներկայացուցիչներ, Հանրապետականն էլ առաջ է բերում իր ցուցակի առաջին երեք համարը՝ Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան և Արփինե Հովհաննիսյան, որ էդ երեք մարդիկ ընդհանրապես չեն կարող որոշող ուժ լինել, որոշիչ գործող լինել Հանրապետականի համար։ Այսինքն՝ Հանրապետական կուսակցության նաև իրենց հետ կապված որոշումները ուրիշ մարդիկ են կայացնում, այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացել է ֆեյք՝ կեղծ համամասնական ցուցակով», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

XS
SM
MD
LG