Մատչելիության հղումներ

Քաղաքացիներն ընտրակաշառքի համար սխալմամբ այցելել են ՀԱԿ-ի գրասենյակ


Օրերս մի խումբը քաղաքացիներ այցելել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ՝ ենթադրելով, թե այնտեղ կվճարեն իրենց կոմունալ վարձերը, պատմում է կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ահազանգելով այս օրերին ընտրակաշառքի խոստումների մասին։

«Ասել են՝ այստե՞ղ են գազի հաշիվների փակման համար հերթագրվում: Մենք ասել ենք՝ իհարկե, չգիտենք նման բան, բայց շփոթմամբ գալիս են մեր գրասենյակ: Դա նշանակում է, որ մեր գրասենյակի մերձակայքում ինչ-որ մի տեղ կազմակերպված է նման հերթագրումը», - «Ազատության» հետ զրույցում պատմեց նա: - «Բազմաթիվ տեղեկություններ ունենք, որ քաղաքացիներին ասում են, որ՝ գնացեք, հերթագրվեք, և եթե համաձայն եք քվեարկել մեր օգտին, մենք հետո ձեր հաշիվները կփակենք», - հավելեց Զուրաբյանը:

Այս և ստացված այլ ահազանգերի մասին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը տեղեկացրել է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության խմբին, որի համար, այս լուրերը բնավ նորություն չէին, ասում է ՀԱԿ փոխնախագահը:

Ընտրակաշառքի մասին լուրերը ընդդիմադիրներից բացի հասել են նաև իշխող Հանրապետականի գործընկեր ՀՅԴ-ի նախընտրական շտաբ, խոստովանում է ՀՅԴ պատգամավորության թեկնածու, նախարար Արծվիկ Մինասյանը՝ առանց գումար բաժանող կուսակցության անունը հնչեցնելու: - «Ամենատարբեր թեկնածուներ կամ անձինք խոստացել են ինչ-որ գումարներ կամ այլ ծառայությունների մատուցում, սակայն կոնկրետ՝ թույլ տվեք չբարձրաձայնել, որովհետև եթե ես հիմա անուններ հնչեցնեմ, պետք է նաև կարողանամ դրանք հիմնավորել», - նշեց դաշնակցական գործիչը:

Ընտրակաշառքի դեմ պայքարը Արծվիկ Մինասյանը տեսնում է դրա դեմ բարձրաձայնելով․ - «Պետք է բոլորովս դեմ արտահայտվենք, անկախ նրանից՝ դա իրականացվում է իշխող քաղաքական ուժի, նրա հետ համագործակցող ուժի կամ նույնիսկ առանձին դեպքերում ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցությամբ, թե ոչ»:

Հայ ազգային կոնգեսում մինչդեռ վստահ են՝ բարձրաձայնելը արդյունք չի տա, քանի դեռ իրավապահները ցանկություն չունեն ընտրակաշառքի իրական դեպքեր բացահայտելու․ - «Դրա համար է ոստիկանությունը, դրա համար է դատախազությունը, դրա համար են քննիչները, բայց այդ ամբողջ համակարգը փոխանակ մեզ պաշտպանի այդ ոտնձգություններից, պաշտպանում և հովանավորում է հենց այդ կաշառ բաժանողներին մեզանից: Համենայնդեպս՝ անցյալում հենց այդպես է եղել: Երբ մենք գնացել և հայտնաբերել ենք այդ դեպքերը, որ բաժանում են կաշառք, նկարահանել ենք և այլն, շատ դեպքերում ոստիկանությունը եկել ու սկսել է մեր ակտիվիստներին հետապնդել»:

Դատախազությունից տեղեկացանք, որ ընտրակաշառքի մասին մամուլում տեղ գտնող որևէ հրապարակում ստվերում չի մնում, իրավապահները գնում են դրանց հետքերով, սակայն հարուցված քրեական գործեր առայժմ չկան։

«Մի րոպեի գործ է՝ այսօր իշխանությունները որոշեր՝ վաղը Հայաստանում ընտրակաշառք չէր լինի», - վստահ է Լևոն Զուրաբյանը:

«Թրանսփարենսի Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով հանրության շրջանում հիմնավոր կասկածներ կան, որ իրավապահները շահագրգռված չեն ընտրակաշառքի մասին լուրերը փաստերի վերածելու՝ ո՞վ տվեց, որքա՞ն, քանի՞ քվեի դիմաց։ Նրան չի զարմացնում նաև այն, թե ինչու բաժանվող կաշառքի մասին փաստերի տիրապետող քաղաքացիները չեն գնում ոստիկանություն․ - «Այդ լուրերից հիմնականում բխում է այն հետևությունը, որ ընտրակաշառքը հիմնականում բաժանվում է իշխող քաղաքական ուժի կողմից, այդ իսկ պատճառով, եթե հաշվի առնենք, որ մեզ մոտ և՛ իրավապահ մարմինները, և՛ դատարանը կատարում են իշխող քաղաքական ուժի պատվերը, բնականաբար շարքային քաղաքացին աշխատում է հեռու մնալ այդ ամենը բացահայտելուց: Սա իսկապես լուրջ խնդիր է»:

Իշխող Հանրապետականի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ևս մտահոգում են ընտրակաշառքի մասին լուրերը՝ «եթե դրանք իրական են»: Նախարարը, սակայն, վստահ է մեկ հարցում․ - «Ընտրական մեխանիզմները նոր Ընտրական օրենսգրքով այնքան կուռ և ամուր են, որ ինչո՞ւ պիտի ընտրակաշառք տաս, եթե չես կարող վերահսկել: Կարծում եմ անիմաստ է ընտրակաշառք տալը»:

Ընդդիմադիր Զուրաբյանը մինչդեռ կարծում է՝ փողն ազդեցություն չունենալ չի կարող․ - «Այո՛, կա ինչ-որ տոկոս, որ չի լսելու իրենց հրահանգները, բայց թեկուզ հիսուն տոկոսը գնա քվեարկի իրենց ասած ձևով, դա արդեն նշանակեց, որ փողը աշխատեց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG