Մատչելիության հղումներ

Ըստ ռուսաստանյան հեղինակավոր կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքների, հայաստանցիների շուրջ 78 տոկոսը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, իսկ ամեն երկրորդի (հարցվածների շուրջ 51 տոկոսի) կարծքով, իրավիճակը վատացել է հատկապես վերջին տարիներին։

Հայաստանցիների գերակշիռ մասը՝ շուրջ 72 տոկոսը մտադիր են մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Նման եզրակացության են հանգել Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) փորձագետները՝ անցկացրած հարցման արդյունքում։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ռուսաստանյան սոցիոլոգները Հայաստանում արձանագրել են ներկա վիճակից դժոգոհ մարդկանց բավական բարձր ցուցանիշ, այսպես՝ հարցվածների շուրջ 78 տոկոսը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, իսկ ամեն երկրորդը (հարցվածների շուրջ 51 տոկոսը) ասել է, որ իրավիճակը վատացել է հատկապես վերջին տարիներին։

Հայաստանցիներն ամենից շատ դժգոհել են գործազրկությունից․ հարցվածների շուրջ 45 տոկոսի կարծիքով, աշխատանք գտնելը շատ դժվար է, 22 տոկոսը բողոքել է ճանապարհներից, 13 տոկոսն էլ՝ աղքատությունից։ Ուշագրավ է այն, որ նշված ցուցանիշներով հանդերձ, ըստ ռուսաստանյան կենտրոնի ուսումնասիրության արդյունքների, Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության գործունեությունը դրական է գնահատել Հայաստանում հարցվածների շուրջ 77 տոկոսը, բացասական են գնահատել միայն 12 տոկոսը։

Ռուսաստանցի սոցիոլոգները նաև պարզել են, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը՝ շուրջ 71 տոկոսը, ուշադրությամբ հետևում է նախընտրական քարոզարշավին: Հարցումն անցկացվել է 1600 հայաստանցիների շրջանում, հանրապետության տարբեր բնակավայրերում, փետրվարի 22 – 26-ը։

ВЦИОМ-ի տվյալներով, քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի շրջանում ներկայումս ամենաբարձր վարկանիշն ունի «Ծառուկյան դաշինքը»՝ շուրջ 26 տոկոս, իսկ երկրորդ հորիզոնականում ՀՀԿ-ն է՝ 19 տոկոսով: «Ինտերֆաքս»-ը, սակայն, նկատում է՝ չնայած հանգամանքին, որ այս հարցման անցկացման պահին «Ծառուկյան դաշինքի» վարկանիշը 7 կետով ավելի բարձր էր ՀՀԿ-ի վարկանիշից, այդուհանդերձ, ռեյտինգային կարգով ընտրությունների պարագայում այս երկու քաղաքական ուժերի վարկանիշները գրեթե հավասարվում են, «Ծառուկյան դաշինք»՝ 25 տոկոս, ՀՀԿ՝ 23 տոկոս:

Նույն ուսումնասիրության արդյունքներով, դաշինքների համար սահմանված 7 տոկոսանոց, իսկ կուսակցությունների համար՝ 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու շանս ունի ևս երկու ուժ՝ «Ելք» դաշինքն ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։

Նկատենք՝ այս արդյուքները գրեթե համընկել են Gallup International Association հայաստանյան կազմակերպության (այս կազմակերպությունն առնչություն չունի ամերիկյան Gallup International-ի հետ) ներկայացրած մեկ այլ հարցման արդյունքների հետ։ Մասնավորապես՝ վերջինի անցկացրած հարցման արդյունքներով ևս առաջին հորիզոնականում «Ծառուկյան դաշինքն» է՝ 26,4 տոկոսով, երկրորդում ՀՀԿ-ն՝ 22,8 տոկոսով: Մյուս կուսակցություններից էլ ամենից մեծ վարկանիշն ուներ «Ելք»-ը՝ 4.3 տոկոս։

Ռուսաստանցի հայտնի լրագրող և մեկնաբան Բորիս Տումանովը վերապահումով է մոտենում ВЦИОМ-ի՝ վերը բերված ուսումնասիրության արդյունքներին: «Նրանք ուղղակի կապի մեջ են Կրմլի հետ։ Պատահում է, որ իսկապես քիչ թե շատ օբյեկտիվ հարցումներ են անցկացնում, սակայն, հազվադեպ։ Իմ գործունեության ընթացքում ես օգտվում եմ նրանց տվյալներից միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է լինում հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում իշխանությունը: Նրանք ճիշտ արդյունքներ են հրապարակում միայն ոչ կարևոր հարցերի մասին»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Բորիս Տումանովը:

Հայաստանի Սոցիոլոգների ասոցիացիայի ղեկավար Գեվորգ Պողոսյանը, մինչդեռ, վստահում է ռուսաստանյան կենտրոնի տվյալներին։ «Մեր տվյալները ևս մոտ են նշված ուսումնասիրությունների արդյունքներով առաջին երկու հորիզոնականները զբաղեցնող ուժերին վերաբերող տվյալներին»,- «Ազատությանն» ասաց Պողոսյանը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը Հայաստանում հարցումներ էր անցկացրել նաև 2013 նախագահական ընտրությունների նախաշեմին՝ արձանագրեով, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը 47 տոկոս է, իսկ Ռաֆֆի Հովհաննիսյանինը՝ 28 տոկոս: Ընտրությունների արդյունքում, ըստ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Սերժ Սարգսյանը ստացավ քվեների ավելի քան 58 տոկոսը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելի քան 36 տոկոսը:

XS
SM
MD
LG