Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի անբաժան մաս է. Արման Թաթոյան


Ժնևում ընթացող Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան առանձին հանդիպումների շրջանակներում Արման Թաթոյանի կողմից բարձրացվել են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը մարդու իրավունքների տեսանկյունից:

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, խոսքը, մասնավորապես, վերաբերում է վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղ այցելող միջազգային լրագրողների, փորձագետների, պատգամավորների նկատմամբ արհեստական քրեական հետապնդում հարուցելու ու նրանց ահաբեկելու՝ քաղաքակիրթ աշխարհի ստեղծած արժեքները վերացնելու փորձերը:

Իր հանդիպումների ընթացքում Արման Թաթոյանը նշել է, որ Ղարաբաղին առնչվող հարցերի վերաբերյալ խոսքի ազատությունն ու միջազգային գործընկերների այցերը Լեռնային Ղարաբաղ սահմանափակելու ադրբեջանական փորձերը հաջողություն չեն ունենալու: Դրա վառ օրինակը Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության հանրաքվեի շրջանակում աշխարհի 30 երկրներից 104 միջազգային փորձագետների այցն էր Ղարաբաղ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խոսել է նաև Ադրբեջանի այսպես կոչված «սև ցուցակ»-ի մասին, որոնք քաղաքակիրթ աշխարհի կողմից պետք է պարզապես ենթարկվեն իրավական վարկաբեկման: Ժնևյան հանդիպմանը մասնակցող առանձին ղեկավար պաշտոնատար անձանց ու միջազգային փորձագետներին ներկայացվել է նաև Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի՝ փարիզյան սկզբունքներին համապատասխանող աշխատանքն ու ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցները:

Արման Թաթոյանը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը մարդու իրավունքներին նվիրված միջազգային հանդիպումներին ու քննարկումներին: Լեռնային Ղարաբաղը քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի անբաժան մաս է, ասել է Թաթոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG