Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ֆրանսիական ընկերություններին հրավիրում է ներդրումներ կատարելու Հայաստանում


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա պաշտոնական այցի շրջանակում հանրապետության հեղինակավոր գործարարների միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում այսօր հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ միությունը կապող օղակ է ֆրանսիական ձեռնարկությունների և տարբեր պետությունների բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաև այդ պետությունների մասնավոր հատվածի միջև: Միջազգային համագործակցության համար պատասխանատու այս կառույցը աջակցում և նպաստում է ֆրանսիական ձեռնարկությունների գործունեությանը` նման հանդիպումների միջոցով ձեռնարկությունների համար հնարավորություններ ստեղծում ծանոթանալու և պայմաններ ապահովելու իրենց ծրագրերի իրականացման համար, իսկ այլ երկրներում գործող ֆրանսիական ձեռնարկություններին` հյուրերի առջև բարձրացնելու իրենց հետաքրքրող հարցերն ու խնդիրները` լուծումներ գտնելու ակնկալիքով:

Սերժ Սարգսյանը ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է․ - «Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է լուրջ ձեռքբերումներ: Այսօր մենք ունենք կայուն զարգացող, համաշխարհային տնտեսության հաճախ անկանխատեսելի փոփոխություններին արդյունավետ դիմակայող Հայաստան: Տարածաշրջանում վերջին զարգացումները, որոնք ուղեկցվեցին տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ և ազգային արժույթների կտրուկ արժեզրկմամբ, ապացուցեցին Հայաստանի վարած հարկաբյուջետային և ֆինանսավարկային քաղաքականության կենսունակությունը: Այն մշտապես բարձր գնահատականի է արժանանում մեր միջազգային գործընկերների կողմից, և դրա շնորհիվ է այսօր երկրում ապահովվում կայուն և կանխատեսելի մակրոմիջավայր»:

«Երկրում հաջողությամբ իրականացվող տնտեսական քաղաքականության մասին են վկայում նաև միջազգային հեղինակավոր վարկանիշները, որոնցում Հայաստանը տարեցտարի կայուն առաջընթաց է գրանցում: Այսպես, ըստ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնեսի» զեկույցի՝ գործարարությամբ զբաղվելու պարզության տեսանկյունից Հայաստանն աշխարհում 38-րդն է, իսկ «Հերիթիջ Ֆաունդեյշնի» տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցնում է 33-րդ տեղը՝ այս տարի ապահովելով միանգամից 21 կետով առաջընթաց։ Հասկանալի է, որ լինում են դեպքեր, երբ տարբեր վարկանիշներում երկրների զբաղեցրած ոչ նպաստավոր դիրքերն այնքան էլ որոշիչ դեր չեն խաղում ներդրումների համար: Մասնավորապես, էներգետիկ ռեսուրսներով հարուստ հարևան երկրի՝ Ադրբեջանի պարագայում գերշահույթներ ստանալու ակնկալիքը, կարծես, երկրորդական պլան է մղում երկրի տնտեսության իրական վիճակն արտացոլող գնահատականները», - նշել է նախագահը՝ շարունակելով․ - «Իհարկե, կայուն տնտեսական աճի համար միայն մակրոտնտեսական կայունությունը բավարար չէ: Երկրի մրցունակության բարձրացման տեսանկյունից մեզ համար առաջնահերթ են երկրում գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը, մարդկային կապիտալի զարգացումը, համապատասխան ինստիտուտների կատարելագործումը: Այս տեսլականով առաջնորդվեցինք նաև, երբ ձեռնարկեցինք Հայաստանում սահմանադրական բարեփոխումները, որ ընդունվեցին 2015 թվականի դեկտեմբերին: Նոր Սահմանադրությամբ մենք ո՛չ միայն առանցքային փոփոխություններ կատարեցինք մեր պետական կառավարման համակարգում՝ անցում կիսանախագահականից լիարժեք խորհրդարանական համակարգի: Մեր խորին համոզմամբ՝ այդ փոփոխությունները նաև իրենց դրական ազդեցությունը կունենան երկրի տնտեսական կյանքի աշխուժության տեսակետից: Նոր Սահմանադրությամբ հատուկ շեշտադրվում են ազատ տնտեսական մրցակցությանը, գործարար միջավայրի բարելավմանը և ձեռնարկատիրությանը խթանելու ուղղված դրույթները»:

«Բարձր որակավորում ունեցող աշխատուժի և մարդկային կապիտալի շնորհիվ այսօր Հայաստանը դարձել է նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են սպասված արդյունքը: Այս ոլորտում Հայաստանը վերջին տարիներին արձանագրում է միջինը 20-25 տոկոս աճ, իսկ վերջինիս տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է շուրջ 4 տոկոս», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Եվ որքան էլ մեր երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները ամենևին գոհացուցիչ չեն՝ հաշվի առնելով հայ-ֆրանսիական օրակարգի ընդգրկումը, մեր երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա ներուժը չպետք է ծառայեցվի միայն առևտրային կապերի ամրապնդմանը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվի Հայաստանում, և պատրաստ ենք ապահովելու ֆրանսիական բիզնեսի համար բարենպաստ ներդրումային հնարավորություններ: Այս տեսանկյունից կուզենայի հատուկ ընդգծել Հայաստանում օտարերկրյա ներդրումների խրախուսման և պաշտպանության բարձրացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը։ Այսպես, իրականացվող բարեփոխումների շրջանակներում նախատեսված է օրենսդրորեն ամրագրել ազգային և առավել բարենպաստության ռեժիմները, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, գործարարներին հնարավորություն տալ օգտվելու Հայաստանում գործող և ապագայում նախատեսված արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման առավել կատարելագործված մեխանիզմներից», - ասել է Հայաստանի նախագահը:

«Վերջին տարիներին լուրջ քայլեր ենք ձեռնարկել Հայաստանի սահմանափակ ներքին շուկան ընդլայնելու ուղղությամբ: Երկու տարի է, ինչ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը ընդլայնել է բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմանները գրեթե մինչև համաշխարհային ցամաքի 1/7-րդ մասը: Այն ստեղծել է տարողունակ, շուրջ 170 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների», - նշել է Սերժ Սարգսյանը և շարունակել․ - «Օրեր առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկի հետ ազդարարեցինք Եվրոպական միության հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Նոր իրավական փաստաթղթում տնտեսական բաղադրիչի առկայությունը ոչ միայն հայ, այլ նաև եվրոպացի գործարարների համար տնտեսական գործունեություն ծավալելու նոր հնարավորություններ է բացում: Ավելին, համաձայնագրով նախատեսվող հնարավորությունները ճիշտ և լիարժեք օգտագործելու պարագայում ԵՄ և ԵԱՏՄ տնտեսական ներուժը կարող է փոխադարձաբար ծառայեցվել միմյանց շահերին»։

«Իրանի հետ մեր ունեցած ավանդական բարիդրացիական հարաբերությունները և տնտեսական կապերը լավ նախադրյալներ են ստեղծում եվրոպական գործարարների համար՝ Հայաստանի միջոցով մուտք գործելու դեպի Իրանի 80 միլիոնանոց սպառողական շուկա: Հայաստանով է անցնում նաև Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստներին կապող ամենակարճ և ամենաապահով տարանցիկ ուղին», - ասել է Հայաստանի նախագահը:

«Հրավիրում ենք ֆրանսիական ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր ներդրմանը մենք պատրաստ ենք ցուցաբերել անհատական մոտեցում, իհարկե, հաշվի առնելով ներդրողի կարիքները», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ավարտին ՄԵԴԵՖ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Տաշիր ընկերությունների խմբի», «ՀԷՑ» ՓԲԸ-ի և «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG