Մատչելիության հղումներ

Նախագահ․ Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ:

«Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

«Մենք ամեն կերպ խրախուսում ենք կանանց ավելի մեծ ներգրավվածությունը մեր երկրի հասարակական կյանքում: Մեր համոզումն է, որ Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ, որը պետք է կյանքի կոչվի ամենատարբեր ասպարեզներում: Այսօր ակնհայտ է, որ մեզանում ավանդական համարվող ոլորտներից բացի, ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը, կանայք սկսել են լուրջ դերակատարություն ունենալ ձեռնարկատիրության, լրագրության, կառավարման, բարձր տեխնոլոգիաների, դատական և այլ բնագավառներում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Չեմ կասկածում, որ դուք զարգացնելու եք առկա հաջողությունները և արժանիորեն գրավելու եք ավելի մեծ տեղ նաև քաղաքական կյանքում», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը: - «Սիրելի՛ կանայք, այդքանով հանդերձ, դուք մնում եք ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը, մնում եք ձեր ամուսինների թևն ու թիկունքը, ձեր զավակների պահապան հրեշտակները, ձեր եղբայրների գորովալից քույրերը և ձեր պատիվը սահմանին պաշտպանող երիտասարդների հարսնացուները»:

«Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Կանանց տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG