Մատչելիության հղումներ

Կոմկուսի նախընտրական ծրագիրը ԼԳԲՏ համայնքում զարմանք է առաջացրել


Նվարդ Մարգարյան, «Փինք Արմենիայի» նախագահ

Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրի այն կետը, որով կուսակցությունը պատրաստվում է «պայքարել համասեռամոլության, տրանսգենդերների» դեմ, հայաստանյան ԼԳԲՏ համայնքում զարմանք է առաջացրել։

ԼԳԲՏ համայնքի պաշտպանությամբ զբաղվող «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության նախագահ Նվարդ Մարգարյանը կոմունիստներին խորհուրդ է տալիս հիշել դեռ Լենինի ժամանակները։

«Եթե համեմատում ենք Կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունը ներկայիս արտահայտումներով, իրենք բազմաթիվ հակասությունների մեջ են: Մասնավորապես, ուզում եմ ասել, որ 1922 թվականին Կոմունիստական կուսակցության հիմնադիրներից Լենինը ապաքրեականացրել էր նույնասեռականությունը Սովետական Միությունում, մինչդեռ շատ Եվրոպական երկրներում դա դեռևս համարվում էր քրեորեն հետապնդելի արարք», - նշեց Մարգարյանը:

Նկատենք՝ հետագայում Խորհրդային Միությունում միասեռականությունը քրեականացվել էր:

«Փինք Արմենիայի» նախագահը նաև նկատեց՝ կոմունիստները ցանկանում են զարգացնել գիտությունը, մինչդեռ բազմաթիվ միասեռական գիտնականներ եղել են և կան․ - «Եթե զարկ ենք տալիս գիտությանը, արդյոք այս պարագայում նույնասեռական գիտանականները, ովքեր ապրում են Հայաստանում և բազմաթիվ հայտնագործություններ են անում, նրանց դեմ պայքարելով միթե չենք նպաստելու նրանց արտագաղթին: Պետք է հիշենք նաև Ալան Թյուրինգի պատմությունը, ով նույնասեռական էր և որի շատ կարևոր բացահայտման շնորհիվ Կոմունիստական կուսակցությունը կարողացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հաղթանակ տանել»:

Նվարդ Մարգարյանի խոսքով՝ նման երևույթը հերթական անգամ ի ցույց է դնում օրենսդրական դաշտի բացը․ - «Եվս մեկ անգամ ցանկանում եմ շեշտադրել խտրականության դեմ պայքարի օրենք ունենալու կարևորությունը, որը կկարողանար կանխարգելել նմանօրինակ երևույթների արտահայտումը նախընտրական քարոզարշավի մեջ»:

Կազմակերպության ծրագրերի համակարգող Քաիլ Խանդիկյանը, ով Հայաստան է տեղափոխվել մեկ տարի առաջ և պնդում է, որ արդեն մեկ անգամ խտրականության զոհ է դարձել, աբսուրդ է որակում անմեղ մարդկանց հալածելը։ Վերջինիս խոսքով՝ իշխանությունները պարտավոր է բոլորի իրավունքները հավասարապես պաշտպանել․ - «Ինձ համար, որպես հայրենադարձված հայ, կարևոր է, որ բոլորի իրավունքները պաշտպանված լինեն, որպեսզի ցանկացած մարդ, որ գա Հայաստան, վստահ լինի ու գիտենա, որ իր իրավունքները պաշտպանված են»:

«Իրավունքի կողմ» Հ/Կ ներկայացուցիչ Էվան անգրագիտություն է համարում 21-րդ դարում նման ծրագրով խորհրդարան գնալ ցանկացող կուսակցության մոտեցումը․ - «Ինձ համար շատ անմիտ է նման կոչ անելը, քանի որ ԼԳԲՏ մարդիկ կազմում են մեր հասարակության մի մասը ու մենք կամա, թե ակամա ամեն օր առնչվում ենք ԼԳԲՏ անձանց հետ ու մարդկային յուրաքանչյուր տեսակի դեմ պայքարի կոչը, իմ կարծիքով, շատ անիմաստ, անգրագետ է հնչում ու մարդասիրական տեսանկյունից ոչ նորմալ է»:

Վազգեն Սաֆարյան, Կոմկուսի ընտրացուցակի առաջին համարը

Վազգեն Սաֆարյան, Կոմկուսի ընտրացուցակի առաջին համարը

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ցուցակը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ այո՛, հաստատակամ են պայքարելու միասեռականության դեմ, ինչպես և հայտարարել էին քարոզարշավի մեկնարկին․ - «Հետևողական պայքար մղել Հայաստանի Հանրապետությունում տարատեսակ արևմտյան նորահայտ երևույթների, համասեռամոլության, միասեռական ամուսնությունների, տրանսգենդերության և մեր ժողովրդի հոգեկերտվածքին ու ավանդույթներին խորթ այլ դրսևորումների դեմ»:

Մինչ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները կոմունիստների ծրագրային դրույթը որպես ատելության խոսք են որակում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատությանը» հայտնեցին, որ կուսակցությունների նախընտրական ծրագրերը դիտարկելը իրենց իրավասությունների մեջ չի մտնում:

XS
SM
MD
LG