Մատչելիության հղումներ

Քարոզարշավի 3-րդ օրն է, սակայն Գյումրիում գրեթե ոչինչ չի հիշեցնում, որ 26 օրից խորհրդարանական ընտրություններ են: Քաղաքական ուժերը ոչ նախընտրական շտաբեր են բացել, ոչ էլ նույնիսկ նախընտրական պաստառներ փակցրել:

Քաղաքի կենտրոնական հատվածում միայն Ծառուկյան դաշինքն է երկու մեծ պաստառ փակցրել: Նույնիսկ իշխող ուժն է Գյումրիում պասիվ: Հանրապետականի մարզային կառույցում ևս ակտիվություն չկար:

Այդուհանդերձ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի խոսքով, ապրիլին իշխող կուսակցությունը Գյումրիում ավելի շատ ձայն կստանա, քան նախորդ՝ խորհրդարանական ընտրություններում:

«Հանրապետականի թիմը ավելի համախմբված և ավելի ընդգրկուն է, և իմ համոզմամբ՝ Հանրապետականը կունենա լուրջ ձայներ, քան 2012-ի ընտրություններում», - նշեց Ավետիսյանը:

Հիշեցնենք, ԱԺ-ի վերջին ընտրություններում Հանրապետականը 14,658 քվե էր ստացել, ԲՀԿ-ն՝ 26,601 քվե: Նախագահական ընտրություններում Հանրապետականի թեկնածու Սերժ Սարգսյանը գրեթե 3 անգամ ավելի պակաս քվե էր ստացել, քան «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Աշխատեղեր, ավելի լավ ապրելու խոստումներ տված Հանրապետականին ինչո՞ւ է այս անգամ ավելի շատ վստահելու գյումրեցին, երբ աղքատության, գործազրկության, արտագաղթի ցուցանիշներն աճել է:

«Այստեղ արդեն ընտրողի խնդիրն է՝ կհավատա՞ զուտ թղթի վրա ինչ-որ կետեր գրող քաղաքական ուժին, թե՞ կգնա այն քաղաքական ուժերի հետևից, որոնք տարիներ շարունակ աշխատել են, աչքի առաջ են եղել և իրենց թերություններով հանդերձ ավելի պրակտիկ են, լավ գիտեն խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, քան նրանք, որոնք մի ամիս առաջ դաշինք են կազմել և ինչ-որ ծրագրերի մասին են խոսում», - նշեց հանրապետական պատգամավորը՝ հավելելով, թե Հանրապետականը Գյումրիում փորձելու է «օր ավելի շուտ» վերացնել 1988-ի երկրաշարժի հետևանքները, աշխատատեղեր ստեղծել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտներում:

Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում ընտրություններին մասնակից 9 կուսակցություններն ու դաշինքները առաջադրել են ընդհանուր թվով 125 տարածքային թեկնածու: 15-ական թեկնածու առաջադրել են «Հայկական վերածնունդը», Դաշնակցությունն ու Կոմկուսը, 14 թեկնածու առաջադրել է «Ծառուկյան» դաշինքը, 13 թեկնածու ՀՀԿ-ն, 12-ական թեկնածու Կոնգրես - ՀԺԿ և Օհանյան- Րաֆֆի - Օսկանյան դաշինքները: 7-ական թեկնածու առաջադրել են «Ելք» դաշինքն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Հանրապետական կուսակցությունը նախնական տվյալներով Գյումրիում նախընտրական քարոզչություն կիրականացնի քարոզարշավի ավարտին:

XS
SM
MD
LG