Մատչելիության հղումներ

Բիշքեկում հանդիպեցին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները


ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, Բիշքեկ, 7-ը մարտի, 2017թ․
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, Բիշքեկ, 7-ը մարտի, 2017թ․

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տնտեսությունների ինտեգրացիոն փոխգործակցությանը և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների և դրա օգտագործմանն ուղղված միջոցառումների, ԵԱՏՄ շրջանակում մինչև 2025 թվականը թվայնացման գործընթացի իրագործման հիմնական ուղղությունների, ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման և գյուղատնտեսական որոշ հիմնական արտադրատեսակների առաջարկ-պահանջարկի վերաբերյալ։

Օրակարգային հարցերի շարքում առանձնակի կարևորվել է ԵԱՏՄ-երրորդ երկրներ առևտրային բանակցությունների վարման ընթացքը, որի առնչությամբ հայկական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ և առաջ մղել ԵԱՏՄ-Իրան բանակցային գործընթացը:

Կարեն Կարապետյանն իր ելույթում մասնավորապես ասել է․ - «Այս տարվա մեր առաջին նիստն անցավ կառուցողական մթնոլորտում, և այս հարթակը, որի շրջանակում լուծումներ են ստանում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր, ճիշտ հարթակ է: Մենք պետք է առաջ շարժվենք այս ճանապարհով: Առավել քան վստահ եմ, որ մենք դեռևս լիարժեք չենք օգտագործում այն ներուժը, որը ենթադրում է Եվրասիական տնտեսական միությունը: Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել այդ ուղղությամբ»:

Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ հաջորդ նիստը տեղի կունենա 2017-ի մայիսի 26-ին Ռուսաստանի Կազան քաղաքում:

Նիստի ավարտին ստորագրվել են օրակարգային հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքներն ամփոփող և այդ առումով ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունն ամրագրող մի շարք փաստաթղթեր:

Այնուհետև Ղրղըզստանի վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

Ի պատիվ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակների՝ Ղրղըզստանի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG