Մատչելիության հղումներ

«Հայկական վերածնունդը» նախընտրական քարոզարշավը սկսեց մայրաքաղաքից


«Հայկական վերածնունդը» 30 քայլ է առաջարկում, որոնք, կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի պնդմամբ, կփոխեն Հայաստանը։ Նախընտրական քարոզչությունը ՀՎԿ-ն այսօր մայրաքաղաքից սկսեց։

Իշխող Հանրապետականի հետ շուրջ 6 տարվա համագործակցության փորձ ունեցող ու սովորաբար ընտրություններից առաջ ընդդիմադիր դարձող կուսակցության ղեկավարն ընդունեց՝ իրենց պոպուլիզմի մեջ են մեղադրում: Բաղդասարյանը հավելեց՝ միշտ էլ ապացուցել են, որ նախընտրական խոստումները կյանքի են կոչում:

«Մենք, միևնույնն է, հաղթելու ենք: Մենք հաղթել ենք այսքան տարի, մենք այսօր չենք դնում խորհրդարան մուտք գործելու խնդիր, մենք այսօր դնում ենք մի նշաձող, որը հնարավորություն կտա մեր այս ծրագրերը և բազմաթիվ այլ ծրագրեր, որ մենք ունենք, կյանքի կոչել: Դրա համար պետք է հավատալ, պայքարել», - հայտարարեց ՀՎԿ առաջնորդը:

Երեք տարի Ազգային ժողովի նախագահի, իսկ 2008-ի մարտի 1-ից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն համաձայնությամբ Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Բաղդասարյանն այսօր խոսեց երկրի վատ վիճակի մասին։ Նա մանրամասն ներկայացրեց 30 կետերը, որոնք կապահովեն «երկրի վերածնունդն ու անվտանգությունը»։ Առաջին հինգը վերաբերում էին կոռուպցիայի դեմ պայքարին, պրոֆեսիոնալ ու վարձատրվող բանակ ստեղծելուն, ավանդների վերադարձին, պրոբացիոն ծառայությանն ու արագաչափերի, կարմիր գծերի համակարգի վերացմանը։ Կուսակցությունը նաև առաջարկում է շքեղության հարկ կիրառել՝ հարուստներին ստիպելով ավելի շատ վճարել։ Արթուր Բաղդասարյանի կարծիքով, սոցիալապես անապահով խավին պետությունը պետք է օգնի բիզնես սկսել կամ տուն ունենալ:

Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը նախ բոլոր ներկաներին շնորհավորեց նոր սկզբի համար, ապա թվարկեց այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով «Հայկական վերածնունդ» վերանվանված «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես է եկել Ազգային ժողովում։ Բիշարյանը ելույթի վերջում համակիրներին չմոռացավ տեղեկացնել, որ «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի համար 500,000 դրամ գրավ է վճարել։ Լրագրողների հետ զրույցում կուսակցության փոխնախագահը պնդեց՝ սա նախընտրական քարոզչություն չէ․ - «Այդտեղ մենք եղել ենք 6 հոգի, այնպես որ ես առաջինը չեմ հնչեցնում ո՛չ գրավի մասին, ո՛չ էլ երաշխավորության: Արդեն համացանցում դուք կտեսնեք, որ մասնակիցները բոլորն այդ մասին խոսել էին»:

Բիշարյանը բացասաբար է վերաբերվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե ընտրությանը մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները, բացի իրենցից, վերահսկվում են Հանրապետականի կողմից։ Նա նաև արձագանքեց Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե կուսակցությունները իշխող Հանրապետականի հետ արդեն տոկոսներ են պայմանավորվում․ - «Եթե քաղաքական ուժերը պայքար են մղում, որ երկրում ինչ-որ բան փոխվի, ապա նպատակը պետք է մեկը լինի, ոչ թե մեկը մյուսին սևացնելու կամ քննադատելու և կասկածելու»:

Անցած տարվա փետրվարին հայտարարվեց, որ «Օրինաց երկիրը» լուծարվում է, և նրա հիմքի վրա 12 կուսակցությունների ու շուրջ 140 հասարակական կազմակերպությունների միավորմամբ ձևավորվում է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: «Հայկական վերածննդի» հիմքը հանդիսացած «Օրինաց երկիր»-ը խորհրդարանում ներկայացված է 1999 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG