Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան․ «Լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում»


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր սուր քննադատության է ենթարկել այսպես կոչված ռեյտինգային կամ տարածքային ցուցակներով ընտրությունները, ընդգծելով, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում:

Կրկին շեշտելով, որ 2015-ի սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ էին Հայաստանի համար՝ երկարատև բացասական հետևանքներով, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ նոր Ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային համակարգով էլ ավելի է խթանելու ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները:

«Ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին: Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու», - իր ոչ պաշտոնական կայքում՝ 2րդ.am-ում նշում է Ռոբերտ Քոչարյանը, շեշտելով՝ դա են փաստում նաև հրապարակված տարածքային ցուցակները:

«Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին: Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը», - եզրափակում է Հայաստանի 2-րդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը նշում է, թե անցած օրերի ընթացքում փորձել է պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի, սակայն ներքին դիմադրությունն այնքան մեծ է եղել, որ չի ցանկացել շարունակել:

«Քաջատեղյակ լինելով առկա իրողություններին, ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ», - շեշտում է Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության հերքելով այն պնդումները, թե այս կամ այն կերպ ներգրավված է լինելու քաղաքական գործընթացներում:

Մինչդեռ իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն «Ազատության» հետ զրույցում հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին․Հայաստանի 2-րդ նախագահի գաղափարները չեն փոխում Հանրապետականի կարծիքը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Շարմազանովի փոխանցմամբ, բարեփոխված ընտրական օրենսգիրքը, որը իրականություն է դարձել ընդդիմություն - իշխանություն համաձայնության արդյունքում, ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու մեծ հնարավորություն է տալիս:

«Ազատություն»․ - Պարո՛ն Շարմազանով, չե՞ք ընդունում, որ լինելու է քսակների կռիվ զոռբայության մթնոլորտում՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ հնչել են կրակոցներ, ծեծկռտուքներ են տեղի ունեցել նույն այս ռեյտինգային ցուցակների թեկնածուների կամ նրանց համակիրների շրջանում:

Շարմազանով․ - Անկախ հարգարժան 2-րդ նախագահի գնահատականներից, մենք նշել ենք, թե ինչ ակնկալիք ունենք: Մենք ակնկալում ենք բացառապես գաղափարական ընտրապայքար, ծրագրային ընտրապայքար, և թող ժողովուրդը ընտրի այն քաղաքական ուժերին, ում որ վստահում է և ում ծրագրին, որ կտա հավանություն: Իսկ մնացածը՝ այդ թվում նաև 2-րդ նախագահը, իրավունք ունի իր կարծիքները ներկայացնել:

«Ազատություն»․ - Ո՞ր գաղափարների շուրջ է լինելու պայքարը, հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ ընտրողներն այսօր այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ պատրաստ չեն մերժել փողը ու կմասնակցեն ձայների աճուրդին: Այսինքն, Դուք կարծում եք, որ ընտրողը նայելու է ռեյտինգային ցուցակով առաջադրվածների ծրագրերին, և ոչ թե նրանց կողմից առաջարկված փողի՞ն:

Շարմազանով․ - Գայթակղությունը մեծ է Ձեր խաչաձև հարցերին պատասխանելու, բայց ես ավելացնելու բան չունեմ: Եվ ես կարծում եմ, որ ընտրողը նախևառաջ պետք է ձայն տա հաշվի առնելով կուսակցության թիմը, թեկնածուներին և ծրագիրը։ Հանրապետականը ունի և՛ լավ թիմ, և՛ վարչապետի հզոր թեկնածու, և՛ մրցունակ գաղափարներ:

«Ազատություն»․ - Իշխող Հանրապետականը հանդես կգա՞ հորդորով, որ չի կարելի փող առաջարկել ընտրողներին:

Շարմազանով․ - Իշխող Հանրապետական կուսակցությունը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ոչ միայն հորդորով, այլ կոչով, որ՝ մենք կոչ ենք անում բոլորին կազմակերպել օրինական ընտրություններ:

«Ազատություն»․ - Դուք արգելե՞լ եք Ձեր ռեյտինգային ընտրացուցակում ընդգրկված թեկնածուներին չառաջարկել գումար, չգնել ընտրողների ձայները:

Շարմազանով․ - Մենք երբեք թույլ չենք տվել, որ մի հատ էլ արգելեինք: Դա դոգմա է բոլորի համար, բոլոր քաղաքական դերակատարների համար: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն շեղվել այդ կանոններից, այնտեղ արդեն անելիք կունենան իրավապահ մարմինները:

«Ազատություն»․ - Դուք կարող ե՞ք բացառել, որ Ձեր թեկնածուները որևէ գումար որևէ ընտրողի չեն առաջարկելու առաջիկա մի քանի օրերի ընթացքում:

Շարմազանով․ - Դուք ուզում եք լսեք այն, ինչ Դուք եք ուզում լսել, իսկ ես ասելու եմ այն, ինչ իրականում կա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր քաղաքական քարոզարշավը ձգտելու է իրականացնել բացառապես ընտրական օրենսգրքին և քաղաքական մշակույթին համապատասխան:

«Ազատություն»․ - Բացառելով նաև փողի բաժանո՞ւմը:

Շարմազանով․ - Խնդրում եմ բոլոր հարցերի պատասխանները տեսնել նախագահ Սարգսյանի և վարչապետ Կարապետյանի մարտի 5-ի ելույթներում:

Հայ հեղափոխական դաշնակցությունը նույնպես համաձայն չէ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գնահատականների հետ, ինչպես Դաշնակցության նախընտրական շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանն է ընդգծում՝ անկախ Քոչարյանի անձի և գործի հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքից: Վարդանյանի փոխանցմամբ խորհրդարանական համակարգի առավելությունները առաջիկայում ակնհայտ կդառնան: Ինչ վերաբերում է այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգին, ապա Դաշնակցությունը նույնպես որոշ մտահոգություններ ունի:

«Ազատություն»․ - Դուք կարծում եք՝ մարդիկ առաջարկվող փողը չեն վերցնելու այլ ծրագրերի՞ն են նայելու:

Վարդանյան․ - Ես վստահ եմ, որ մեր հասարակության շատ փոքր մասն է, որ առաջնորդվելու է ընտրակաշառքով կամ այլ ազդեցություններով:

Աղվան Վարդանյանի փոխանցմամբ, Դաշնակցության խնդիրն է բարձրացնել հասարակության գիտակցությունը և յուրաքանչյուր ընտրական գործընթացից առաջ նվազեցնել այն մարդկանց քանակը, ովքեր նախընտրում են փողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG