Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Վստահ եմ՝ որոշ հանրապետականներ էլ կընտրեն «Ելք»-ին


Նիկոլ Փաշինյանը Ավան համայնքում, 6-ը մարտի, 2017 թ․

Նիկոլ Փաշինյանը Ավան համայնքում, 6-ը մարտի, 2017 թ․

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Ելք» դաշինքն այսօր սկսեց քարոզչությունը թիվ 1 ընտրատարածքն ընդգրկող՝ Երևանի Ավան համայնքում: Որպես քայլերթի ու բուկլետների բաժանման սկզբնակետ ընտրվել էր Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևանի սիթի» սուպերմարկետը:

«Որևէ մեկը չի կարող որոշել ձեր փոխարեն, եթե դուք ուզում եք, որ Հայաստանում լինեն փոփոխություններ, տվեք մեզ այդ մասին ձեր վստահության քվեն և մենք ձեր ակնկալած փոփոխությունները կդարձնենք իրականություն»,- հայտարարեց Փաշինյանը:

Իշխող հանրապետականից Երևանի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ազգական Ռոբերտ Սարգսյանը: Վերջինիս նախընտրական շտաբի մուտքի առաջ էլ «Ելք»-ի գոյության մասին հայտարարեց դաշինքի 3-րդ համար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք համոզված ենք, որ էն ճանապարհը, որով դուք գնում եմք, ոչ թե ելք է, այլ ավելի է խորացնում փակուղին, բայց ես գիտեմ՝ այդ գազի կրծքանշաններով մեր բազմաթիվ քաղաքացիներ ընտրելու են «Ելք»-ը»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններից կազմված «Ելք» դաշինքի մասին Ավանում «Ազատությանը» հանդիպած բնակիչների մի մասը չգիտեին, քաղաքացիներից մեկն էլ կարծում էր, որ «Ելքը» բավարար ներուժ չունի իշխանությունների հետ մրցելու համար: «Օրինակ՝ էս դաշինքը ի՞նչ կարող ա անի, սա 5 տոկոսի շեմը չի հաղթահարի: Ստեղ նայի, ինչքան հիմնարկ կա Հանրապետական կուսակցության, ինչ են ասում՝ ռեսուրսը ադմինիստրատիվ․․․»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Նրանցից մի մասն էլ Փաշինյանին վստահեցրին, որ հենց «Ելքին» են ընտրելու՝ «Լավ ծրագիր ունեն, նորմալ մարդիկ են, խելացի մարդիկ են, վստահելի մարդիկ են, ու՞մ պետք է ընտրենք, իրանց ենք ընտրելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG