Մատչելիության հղումներ

Սիրիայի փոխվարչապետ․ Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիան կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի ցեղասպանություն իրականացնողն է


Էդվարդ Նալբանդյան և Ուալիդ ալ-Մուալիմ, արխիվ

Էդվարդ Նալբանդյան և Ուալիդ ալ-Մուալիմ, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ-Մուալիմը այսօր ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանն իր ուղերձում նշել է, որ երկու հնագույն ժողովուրդների` հայերի ու սիրիացիների միջև բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և խարսխվում են փոխադարձ հարգանքի ու վստահության կուռ հիմքերի վրա: Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ հայ ժողովուրդը չի մոռանա այն մեծ մարդասիրական հոգածությունը, որը Սիրիայի ժողովուրդը դրսևորել է՝ ապաստան տալով Ցեղասպանությունից փրկված իր զավակներին:

Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը սիրիական ճգնաժամի ամենասկզբից միջազգային տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնում է Սիրիայում խաղաղության և անվտանգության հաստատման կարևորությունը, դատապարտում է ահաբեկչությունը, հնարավորության սահմաններում մարդասիրական օժանդակություն տրամադրում Սիրիայի ժողովրդին:

Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ուժերով կհաջողվի առավել ընդլայնել և խորացնել փոխգործակցությունը՝ հանուն երկու բարեկամ ժողովուրդների բարօրության։

Ուալիդ ալ-Մուալիմն իր ուղերձում նշել է, որ Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մարմնավորում է սիրիացի և հայ ժողովուրդների պատմական կապերը և արտահայտում քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում հարաբերությունները զարգացնելու կամքը:

Նա ընդգծել է, որ Սիրիան՝ իր քաղաքական ղեկավարությամբ, կառավարությամբ և ժողովրդով, ամենայն գնահատանքով է դիտում բարեկամ Հայաստանի նպաստավոր դիրքորոշումները Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի նկատմամբ: Սիրիայի արտգործնախարարը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն, նշել է, որ Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիան կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնող նույն կողմն է, որի քաղաքականությունը խարսխված է միահեծան իշխանության և սուլթանական սին երազանքների վրա, ինչը դատապարտված է ձախողման և ամենավատ հետևանքներ կունենա ագրեսորի համար:

Ուալիդ ալ-Մուալիմը հավելել է, որ Սիրիան, որը սկսել է հաղթանակներ արձանագրել ահաբեկիչների դեմ, վստահ է, որ այն բարեկամները, ովքեր նրա կողքին կանգնեցին ագրեսիայի ժամանակ, նրան ձեռք կմեկնեն ահաբեկչության ավերածությունները վերականգնելու համար: «Սա բացառիկ առիթ է, որ բոլոր ոլորտներում զարգացնենք մեր երկու երկրների միջև համագործակցությունը», - գրել է Սիրիայի փոխվարչապետը:

Նալբանդյանը Սիրիայի բարեկամ ժողովրդին մաղթել է շուտափույթ խաղաղություն և բարեկեցություն, ալ-Մուալիմը բարեկամ Հայաստանին մաղթել է զարգացում և բարգավաճում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG