Մատչելիության հղումներ

Օսկանյան․ «Նման արդյունք տված իշխանությունը հաղթելու մասին նույնիսկ չի կարող երազել»


Առաջիկա խորհրդարանական ընտրություններում յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտելու է հաղթել, բնականաբար, «բայց նայած թե ինչ միջոցներ ես դնելու հաղթելու համար»: «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Արդյունքներից դատելով՝ Հանրապետական կուսակցությունը ընդհանրապես շանս չունի հաղթելու, որովհետև ընդհանրապես տրամաբանությունը դա է թելադրում: Աշխարհում տարբեր օրինակներ կան: Նման արդյունք տված իշխանությունը ընդհանրապես հաղթելու մասին նույնիսկ չի կարող երազել», - ասաց Օսկանյանը «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ՝ շարունակելով․ - «Նայեք, Ֆրանսիայում, օրինակ, Օլանդը նույնիսկ իր թեկնածությունը չի դնում հաջորդ նախագահական ընտրություններին, որովհետև այնքան վատ արդյունքներ է տվել, որ չի մասնակցում: Հանրապետական կուսակցության արդյունքները որ նայենք, ես կարծում եմ՝ շատ համազոր է Օլանդին․ այդ կուսակցությունը ընդհանրապես պետք է ընտրություններին չմասնակցի, բայց սա Հայաստան է՝ մասնակցելու են, ամեն ինչ անելու են, ինչ-որ արդյունք ձեռք բերելու և, իհարկե, խոսելու են հաղթանակի մասին»:

«Ընտրության նախաշեմին ենք, ընտրարշավը սկսել է, մենք երկու բան պետք է անենք: Ես՝ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, պետք է մեր անելիքների մասին խոսեմ, որպեսզի ժողովուրդը ձայն տա մեզ՝ ելնելով մեր փորձից, և նաև խոսել այսօրվա իշխանությունների արդյունքների մասին, որպեսզի ժողովուրդը ոչ թե միայն իր մաշկի վրա զգա, այլ նաև մեզանից լսի, որ դա իսկապես այն արդյունքներն է, որ երկիրը հասցրել է այս վիճակին», - նշեց Օսկանյանը:

«Նայեք, երեք տարբեր ուղղություններով՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, առհասարակ քաղաքական բարեփոխումներ․ որտեղ էինք՝ այս ութ տարիների արդյունքում որտեղ ենք: Հայաստանը այսօր դիտարկվում է որպես ավտորիտար պետություն: Նախկինում եթե գոնե կիսաժողովրդավարական-կիսաավտորիտար էին գնահատում, այսօր ավտորիտար է, մամուլը ազատ չի՝ սա միջազգային կազմակերպությունների գնահատականներն են, իմ սուբյեկտիվ կարծիքը չի: Կոռուպցիոն սանդղակի վրա վերջին գնահատականներով՝ հանձնաժողով ստեղծելուց հետո 10 կետով հետ ենք գնացել, և արդեն 120-130-րդ տեղում ենք: Մրցունակությունը ընկել է»:

«Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի մարտի 5-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG