Մատչելիության հղումներ

Բեմադրության հեղինակն է թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը։

Երեկ երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի առաջնախաղը (պրեմիերա):

Դեռ առաջնախաղից առաջ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանդին Օրբելյանը հավաստիացրել էր, որ «Դիմակահանդես»-ի այս նոր բեմադրությունը հրաշալի ընդունելություն է գտնելու հանդիսատեսի կողմից:

Օրբելյանն ասել էր նաև՝ «երաժշտությունն, իհարկե, հանճարեղ է, իսկ այս բեմադրությունը՝ շատ գեղեցիկ, շատ դասական, ամենակարևորը՝ չափազանց գունեղ ու պայծառ են մեր բալետի արտիստները»: Իսկ բեմադրության հեղինակ, օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի շեշտադրմամբ էլ, այստեղ՝ Հայաստանում այս բալետը բազմիցս բեմադրվել է, ինքն էլ ժամանակին պարել է գլխավոր՝ Արբենինի դերում: Գալստյանի խոսքով, այս ներկայացումն իր հրաշալի երաժշտությամբ միշտ ունեցել է իր հանդիսատեսը:

«Մեզ մոտ բալետի սիրահարները շատ չեն, չասեմ՝ չկան, քիչ են: Վերջերս «Ժիզելը» վերկանգնեցի, որը չկար ռեպերտուարում: Եվ քանի ներկայացում գնաց լեփ-լեցուն դահլիճում: Չմոռանանք, որ մենք Պետերբուրգ չենք, Մոսկվա չենք, բայց միշտ հանդիսատես կա մեր բալետային ներկայացումներին: Չեմ դժգոհում մեր հադիսատեսից: Եվ կարծում եմ՝ «Դիմակահանդես»-ը մի նոր դոպինգ է, նոր քայլ է, որ նորից ժողովուրդը հավաքվի թատրոնի շուրջ»,-ասում է Վիլեն Գալստյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG