Մատչելիության հղումներ

Աշոտյան․ «Քարոզարշավը ուզում ենք իրականացնել՝ խոսելով Հայաստանի ապագայի մասին»


«Մենք քարոզարշավը ուզում ենք իրականացնել և այդպես ենք մեկնարկել ու հուսով եմ այդպես էլ կշարունակենք՝ խոսելով Հայաստանի ապագայի մասին», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք չենք ուզում քարոզարշավը վերածել նախկինում կատարած սխալների կամ լավ հիշողության վրա խարսխված կոմպրոմատների կամ խնդիրների պայքարի, որովհետև եթե խրվենք անցյալի դաշտ, եթե տրվենք այն գայթակղությանը, որ մեզ փորձում են պարտադրել որոշ ընդդիմադիր գործիչներ, այն է՝ «իսկ ձեր ժամանակ այսպես», «իսկ դուք այսպես», «իսկ հիշո՞ւմ եք՝ դուք ա՛յ սա արեցիք», այս բանաձևը զարգացման բանաձև չէ», - ասաց Աշոտյանը «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ:

«Մենք տալիս ենք զարգացման մեր ծրագիրը: Մենք ասում ենք, որ Հայաստանը, եթե մենք հաղթենք, 17-22 թվականներին պետք է հաղթահարի ա՛յս մարտահրավերները, հասնի տվյա՛լ արդյունքներին, իրականացնի այս ծրագրերը: Մենք առաջինն էինք ու բացառիկը այս պահի դրությամբ՝ ոչ թե միակը, բացառիկը, որ շիտակ ասել է՝ հաղթանակի դեպքում վարչապետը Կարեն Կարապետյանն է», - շեշտեց հանրապետական գործիչը՝ շարունակելով․ - «Քաղաքական շատ ուժեր խորշում են բարձրաձայնելու վարչապետի իրենց թեկնածուին: Չէ՞ որ խորհրդարանական հանրապետության պարագայում վարչապետը դառնում է գործադիր իշխանության ղեկավար, և բոլոր քաղաքական ուժերը եթե ազնիվ են, եթե չունեն ներքին խժդժությունների խնդիր, եթե իրականում այն մարդիկ են ղեկավարում այդ ուժերը, որոնք երևում են, պետք է ի սկզբանե բացահայտեն, թե հաղթանակի դեպքում ով պետք է լինի»:

«Մենք գալիս ենք ասելու, որ, այո, մենք կարող էինք աշխատել ավելի լավ, ինչպես յուրաքանչյուրը իր կյանքում օրվա վերջին հաստատ ամփոփում է, որ ինչ-որ մի բան կարող էր ավելի լավ անել, բայց վստահաբար մեզանից լավ ոչ ոք չէր կարող դա անել, որովհետև, այս թեզը ես էլի եմ ասել, ոմանք քննադատեցին, եթե թույլ տաք՝ կանդրադառնամ այդ քննադատությանը նաև․․․», - ասաց Աշոտյանը:

«Ազատություն»․ - Ես կարող եմ դրանցից մեկը մեջբերել, կարող եք նաև հումորի զգացումը գնահատել․ Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանն էր, մեջբերեմ՝ «Աշոտյանի գրածում «աշխատել» բառի դիմաց ավելացրեք «փող» բառը և կստանաք ճիշտ խոսք»:

Աշոտյան․ - Ես ծանոթ եմ Արմանի այդ հայտարարությանը, որին արձագանքել են մեր երիտթևի մի շարք անդամներ, չեմ ուզում կրկնվել, չեմ ուզում վերածել քարոզարշավը փոխադարձ մեղադրանքների: Հիշեցնեմ, թե մերոնք ինչ էին գրել այս գրառման տակ՝ գրել էին․ - «ՀԱԿ-ը ՀՀԿ-ի հետ մի շփոթեք»:

«Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի մարտի 5-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG