Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳ նախարարը այցելում է Մոսկվա


Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Էլմար Մամեդյարով, արխիվ

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Էլմար Մամեդյարով, արխիվ

«Ռուսաստանն արդեն երկու տասնամյակից ավելի հանդիսանում է Լեռնյաին Ղարաբաղի խնդրի կարգավորման առանցքային միջնորդը, այդ թվում նաև՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Այս խնդրի հանգուցալուծումը Ռուսաստանի համար առաջնային նշանակություն ունի», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Այսօր սկսվում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնական այցը Մոսկվա, որն անցնում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում։ Նախանցած շաբաթ նույն ձևաչափով պաշտոնական այցով Մոսկվայում էր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ Լավրով-Մամեդյարով հանդիպումը տեղի է ունենալու մարտի 6-ին։ Ինչպես Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում է նշված, Լավրովն ու Մամեդյարովը քննակելու են երկու երկրների միջև հարաբերություններին վերաբերող հարցեր, միջազգային և տարածաշրջանային հարցեր և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը։

Բացի Լավրովից, Մամեդյարովը հանդիպելու է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության հարաբերություններ են։ 2016 թվականին ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կազմել է շուրջ 2 միլիարդ դոլար:

Մամեդյարովը Մոսկվայում կլինի մինչև մարտի 7-ը, նախատեսված է նաև նրա ելույթը Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում և մասնակցությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանին նվիրված ցուցահանդեսին:

XS
SM
MD
LG