Մատչելիության հղումներ

30 սմ բացվածք ստորգետնյա գազատար խողովակում․ Լեռնանիստում գազի արտահոսքի աղբյուրը պարզվել է


Լեռնանիստում փետրվարի 14-ին փլուզված շինությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում հայտնաբերվել է Լեռնանիստ գյուղում ստորգետնյա գազատար խողովակից գազի արտահոսքի աղբյուրը։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մասնագետների մասնակցությամբ ստորգետնյա գազատար խողովակները մաքրելու և զննելու արդյունքում հայտնաբերվել է 30 սմ բացվածք երկու խողովակների միացման հատվածում։ Նշանակվել է հետքաբանական փորձաքննություն։

Հիշեցնենք, փետրվարի 14-ին ժամը 10-ի սահմաններում փլուզվել են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող առևտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետևանքով նույն գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել են փլատակների տակ և ստացած վնասվածքներից տեղում մահացել, ևս երեք անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով («լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ»), մշակվել մի քանի աշխատանքային վարկածներ խանութի փլուզման պատճառների վերաբերյալ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ։

Ստորգետնյա գազատար խողովակից հնարավոր գազի արտահոսքն ստուգելու նպատակով համապատասխան մասնագետների մասնակցությամբ մարտի 1-ին կատարված տեղանքի զննման արդյունքում պարզվել է, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք։

Հնարավոր վտանգավոր հետևանքներից խուսափելու համար Կոտայքի մարզային քննչական վարչության պետը նույն օրը գրություն է ուղարկել «Կոտայք» ԳԳՄ-ի ղեկավարին՝ տվյալ տարածքի գազամատակարարումն անմիջապես դադարեցնելու համար, ինչպես նաև դիմել՝ Կոտայքի մարզպետին գյուղի դպրոցում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու հարցը քննարկելու համար։

Մասնագետների և անհրաժեշտ սարքավորումների ներգրավմամբ մարտի 2-4-ը տարածքում շարունակվել են փորման և գազատար խողովակների զննման աշխատանքները, որոնց արդյունքում հայտնաբերվել է արտահոսքի աղբյուրը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG