Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներ»-ը խոստանում է խորհրդարան գնալ՝ երկիրն Արևմուտք տանելու նպատակով


60 տոկոս երիտասարդներով ու 40 տոկոսից ավելի կին թեկնածուներով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խոստանում է խորհրդարան գնալ՝ երկիրը դեպի Արևմուտք տանելու նպատակով:

Ըստ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, իրենց պատկերացրած Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է լինի 111 հազար, միջինը՝ 290 հազար դրամ։ 73 հազար դրամով պետք է բարձրանա թոշակը, նվազի՝ հանրային ծառայությունների սակագները և այլն։

«Մենք կարող ենք, փոխելով Հայաստանի զարգացման ուղղությունը դեպի եվրոպական մեծ ընտանիք, Հայաստանում ապահովվել այն ամենը, ինչ երազում է մեզնից յուրաքանչյուրը։ Մեր ցուցակում չկան մարդիկ, ովքեր գործ են ունեցել ստվերի հետ, ովքեր գործ են ունեցել կոռուպցիայի հետ, ովքեր ոտնահարել են մարդկանց իրավունքները», - հայտարարեց Քոքոբելյանը։

«Ազատ դեմոկրատներ»-ի վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանն ընդգծեց, որ իշխող ՀՀԿ-ն խոստացել էր աղքատության ցուցանիշը 23-ից նվազեցնել մինչև 11 տոկոս, այնինչ, պաշտոնական տվյալներով, այդ թիվը հասել է 30-ի, իսկ իրենց տվյալներով՝ 34 տոկոսի:

Նախկին վարչապետն ասաց, որ տասը տարվա ընթացքում երկիրը լքել է 320 հազար մարդ, երկրի պարտքը 1.5 միլիարդից հասել է շուրջ 6 միլիարդի: Վերջում Բագրատյանն ընդգծեց՝ «կատարյալ ճգնաժամ է, երկիրը քայլում է անդունդի եզրով: «Վատ ենք ապրում քիչ չէ, ապրում ենք պարտքով», - ասաց Բագրատյանը՝ եզրափակելով. - «Ռոբերտ Քոչարյան՝ բացել է 200 հազար աշխատատեղ, կարծես թե շատ լավ է։ Սերժ Սարգսյան՝ բացել է ևս 200 հազար աշխատատեղ, 400 հազար եղավ, իսկ դուք գիտեք, որ 850 հազար աշխատատեղ այդ ընթացքում փակվել է: Ներքին պարտքը երբ որ կա, երբ որ մեր ժողովրդից ենք փողը վերցնում՝ բանկերում դնելու փոխարեն, մեր ժողովրդին նաև բարձր տոկոս ենք վճարում, եկամուտ ենք նորից ստանում, հասկանում եք, զարգացնում ենք տնտեսությունը, մեռանք 15 տարի այս բանն ասելով։ Երբեք չեմ մոռանա վարչապետներից մեկի դեմքին, որ քիչ էր մնում այս ամենից հետո պարզապես ապտակեիր ու դուրս գայիր, որ էս բաներն ասում էիր, ու հասկանում էիր, որ մարդը վարչապետ է, չի ընկալում ասածդ, չի ուզում ընկալի, ասում է՝ «հանգիստ ապրում ես, ինձնից ի՞նչ ես ուզում»։ Ընտրություններից անմիջապես հետո՝ մայիս-հունիս ամիսներին սպասվում են կամ նոր պարտքեր, այս անգամ մեզ պարտք կտա միայն Ռուսաստանը՝ քաղաքական զիջումների դիմաց, ինքնիշխանության դիմաց, կամ՝ մենք հունիսին պետք է հայտարարենք, որ մի շարք պարտքերի սպասարկումը դադարեցնում ենք»։

Կուսակցության համապետական ցուցակի 3 տեղը զբաղեցնող «Ժառանգության» նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը պնդեց, որ Հայաստանը ԵՏՄ-ում անելիք չունի: Երկրում իրավիճակ փոխելու համար՝ նախ ինքնաբավ ինքնիշխանության կարիք կա, իսկ երկրի անվտանգության համար ընդգծեց, որ բանակը պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին:

«Անհնար է այդպիսի ստանդարտներ ստեղծել՝ ապրելով Եվրասիական տնտեսական միություն կոչվող միության մեջ, որտեղ մեր հեռանկարները ոչնչացված են, իսկ ի՞նչ կտա Հայաստանին Եվրոպան, Եվրոպան շատ պարզ ասում է՝ «արա ավելին, ստացիր ավելի շատ»։ ԵՏՄ-ում մեզ ասում են՝ «նվիրվիր ավելին միևնույն է ոչինչ տվող չի լինելու», - ասաց Սաֆարյանը։

«Ժառանգության» ցուցակը լքած, և «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակի առաջին կին թեկնածու Անահիտ Բախշյանն ասաց, որ գնալու է Ազգային ժողով որպեսզի կրթության մասին օրենք գրողներին ասի՝ «այն, ինչ լավ եք գրել՝ կատարեք, ինչ լավ չեք գրել՝ փոխեք»:

Կրթական ոլորտում ցանկացած առաջընթաց, ըստ Բախշյանի, դատապարտված է, քանի դեռ համակարգը կուսակցականացված է։ «Կուսակցականացված լինելը կրթության ոլորտի, դա քաղցկեղի մետաստզերով կրթության բոլոր՝ վերից-վար օղակները մտել է ու ճնշում է, սեղմում է և ամեն ինչ ուզում է իր շահերից բխեցնի։ Պետք է ապակուսակցականացնել։ Բոլոր բուհերի կառավարման խորհրդի նախագահները պետք է ընտրվեն բուհի կողմից, և ոչ մի բարձրաստիճան պետական պաշտոնյա չպետք է լինի բուհի կառավարման խորհրդի նախագահ, ինչպես այսօր պետական համալսարանում հանրապետության նախագահն է, ամեն տեղ մեկն է։ Դպրոցի տնօրենի ընտրության խնդիրն է, եեթ եկա մեկն, ով ասում է՝ իմ հմտությամբ, իմ գիտելիքներով կարող եմ նորարար դպրոց ստեղծել, երբեք չի ընտրվի, եթե ինքը Հանրապետական չի», - ասաց Բախշյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG