Մատչելիության հղումներ

«Մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, մենք այդ փոփոխություններն անում ենք». Աղվան Վարդանյան


Նախընտրական ծրագրի հրապարակմամբ և Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) քարոզարշավը:

«Մարիոթ» հյուրանոցի դահլիճում դաշնակցության 171 հոգանոց ցուցակով առաջադրված թեկնածուներն են, բեմում ցուցակի առաջին վեցնյակն է՝ խորհրդարանական խմբակցության ղեկավարներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, նախարարներ Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը և Դավիթ Լոքյանը, վանաձորից կին թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը, ինչպես նաև ցուցակում չընդգրկված Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Դաշնակցության նախընտրական շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանն ասաց, որ ակտիվ քարոզչություն են իրականացնելու ողջ Հայաստանի տարածքում՝ «նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով:

«Մենք արդեն երկրում համակարգային, որակական փոփոխությունների նոր սկիզբ ենք դրել։ Մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, մենք այդ փոփոխություններն անում ենք», - հայտարարեց Վարդանյանը։

Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը վստահ է, որ այս ընտրությունների արդյունքում ձևավորվող խորհրդարանը Հայաստանի համար հիմնադիր խորհրդարան է դառնալու:

Ռուստամյանի խոսքով՝ իրենք սահմանադրական փոփոխությունների միջոցով վերացրել են գլխավորը՝ նախագահի պաշտոնը, որից էլ, ըստ դաշնակցության, բխել են մնացած բոլոր խնդիրները՝ մենաշնորհներն, անարդարությունն ու մարդու իրավունքների խախտումները, այժմ, ըստ Ռուստամյանի, պետք է թույլ չտալ, որ հետդարձ կատարվի։

«Թույլ չտալ, որ այնպիսի խորհրդարան ձևավորվի, որ հանկարծ որևէ մեկի մտքով անցնի շուռ տալ այս ամբողջն՝ այն, ինչ որ կատարվել է։ անշրջելի պետք է մնա այս գործընթացը», - ասաց Ռուստամյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաև բացատրեց, թե ինչու են իշխանության մաս կազմել՝ հստակ գիտակցելով, որ իշխանությունից դժգոհության մի մասն էլ իրենց է հասնելու:

«Ռեժիմը, որը հենված է մենիշխանության համակարգի վրա, այդ ռեժիմը կամ փոխվում է արյունահեղությամբ դրսից, մեր համար անընդունելի է, որովհետև պատերազմի մեջ երկիր ենք, կամ փոխվումէ ներսից՝ համոզելով, ապացուցելով, համառ աշխատանք տանելով։ Մենք սա ենք արել։ Եվ սրանից էլ չենք խուսափում, բաց ճակատով ենք մեր ժողովրդին հանդիպելու, բացատրելու, թե ինչու ենք մենք մտել իշխանության մեջ, հասկանալով, որ այդ դժգոհության մի մասը մեզ վրա էլ է գալու, բայց մենք հասկացել ենք, որ ուրիշ ճանապարհ չկա այդ դժգոհությունից ազատվելու։ Էս էր ճանապարհը, որ կարելի էր մտնել, այո, փոխել այնպես, որ նախադրյալներ ստեղծվեն, որ այդ դժգոհությունն օր-օրի վերանա, և դրա համար պետք է այդ գինը վճարել։ մենք սա արեցինք», - ասաց Ռուստամյանը։

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հիշեցրեց, որ Դաշնակցության ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում Հայաստանի անկախությունն ու կայունությունը պահպանելն իրենց գերագույն նպատակն է եղել։

«Բոլոր այս փորձությունների ժամանակ Դաշնակցությունը կատարել է իր հիմնական առաքելությունը՝ նա փորձել է Հայաստանում իշխանությունը հավասարակշռել և թույլ չի տվել իր ուժերի ներածին չափով, որպեսզի մենք գլորվենք անկայունության անդունդ։ Մնեք կայուն զարգացման քաղաքական ուժն ենք և այդ կայուն զարգացման հիմքում դրված է մարդը», - ասաց Մկրտչյանը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց ծրագրի տնտեսական բաղադրիչը։ Լոքյանն ընդգծեց, որ հատկապես գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցություն պետք է լինի, այլապես հնարավոր չէ մրցակցել հարևան երկրների հետ։ Բիզնեսին ու տնտեսությանն էլ, ըստ Լոքյանի, խանգարում են բանկային բարձր տոկոսադրյուքները, դրանք պետք է նվազեցնել։

«Կլուծենք այս խնդիրն առաջիկա մեկ տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ մենք առաջիկա հինգ տարիներին հինգ և ավելի տոկոսի հասնող տնտեսական աճ կունենանք», - ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարարը։

Լոքյանը նաև շեշտեց, որ կարևոր են համարում Սփյուռքի ներուժն օգտագործելը, սակայն, պետությունը պետք է ոչ միայն նրանցից գումարներ ակնկալի՝ զանազան հիմնադրամներին նվիրաբերությունների տեսքով, այլև հնարավորություն ստեղծի երկրի տնտեսական կյանքին մասնակցության համար:

«Սփյուռքը մարմին է, օրգանիզմ է, որն ուզում է ուղղակիորեն մասնակցություն ունենալ երկրի տնտեսական կյանքին», - ասաց Լոքյանը։

Կիրո Մանոյանը ներկայացրեց Դաշնակցության մոտեցումներն արտաքին քաղաքականության ոլորտում։ «Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ ամերիկամետ ենք, ո՛չ եվրոպամետ ենք, մենք հայամետ ենք, մենք հայամետ ենք և հայաստանակենտրոն», - ասաց Մանոյանը։

Ղարաբաղի հարցում դաշնակցությունն ասաց, որ հավատարիմ է իր նպատակին՝ ազատ, անկախ միացյալ Հայաստան ստեղծելուն, Ղարաբաղն, ըստ Մանոյանի, պետք է միանա Հայաստանին

«Հետապնդում ենք Արցախի միացումը Հայաստանին։ Մեզ համար Ազատ, անկախ Արցախը դա ընդամենը մարտավարական հանգրվան է, որը մեզ տանելու է դեպի միացյալ Հայաստան», - հայտարարեց Մանոյանը։

Դաշնակցության առաջին հնգյակի կին թեկնածուն՝ Արմենուհի Կյուրեղյանը կարճ խոսեց, ասաց՝ համոզված է, որ առաջիկա խորհրդարանում շատ մանդատներ կունենան. - «Մեր թիմն ի զորու է ի կատար ածելու այն ծրագիրը, որն առաջ է քաշվել, որպես նախընտրական ծրագիր»։

XS
SM
MD
LG