Մատչելիության հղումներ

Գլխավոր ռազմական տեսուչը հրաժարվում է խոսել ապրիլյան պատերազմի ժամանակ չաշխատած զինտեխնիկայից


Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը հրաժարվում է խոսել, թե ինչպես է ստացվել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան բազմիցս չի աշխատել, որովհետև Զինված ուժերի համար նախատեսված նավթամթերքը անորակ է եղել:

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չնայած լրագրողների բազմաթիվ հարցերին գեներալ-գնդապետը հրաժարվեց արտահայտվել ազգային անվտանգության նշանակություն ունեցող այդ հարցի վերաբերյալ: «Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, Դուք սալյարկայից եք խոսում», - ասաց Հարությունյան։

Դիտարկմանը, թե դա կարևոր խնդիր է՝ զինտեխնիկան չի գործել, գլխավոր ռազմական տեսուչն այսպես պատասխանեց. - «Դրա մասին կխոսենք վաղը-մյուս օրը»։

Մարտի 1-ին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ: «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք։ Դուք շատ լավ գուցե հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով», - ասաց վարչապետը։

Սկանդալային այս հայտարարությունից օրեր են անցել, սակայն, երկրի պաշտպանության համար պատասխանատու որևէ պաշտոնյա հանրությանը պարզաբանում չի ներկայացրել, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ պատերազմի ժամանակ զինտեխնիկան բազմիցս չի գործել անորակ նավթամթերքի պատճառով: Որևէ պաշտոնյա նաև չի հերքել վարչապետի խոսքերը:

Դեռ ավելին՝ լուռ են նաև հայաստանյան իրավապահները. երեք օր առաջ «Ազատություն»-ը հարցում է ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ներկայացնել, թե իր գլխավորած կառույցը ի՞նչ է ձեռնարկում Կարեն Կարապետյանի հայտարարության կապակցությամբ: Պատասախան դեռ չունեք։

Մանվել Գրիգորյան․ «Արջը մեծ գազան ա, ինչ ուզի կանի»

Վարչապետի հայտարարությանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անդրադարձավ նաև Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) ղեկավար, իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը: «Ես անձամբ ամսի 2-ից այնտեղ եմ եղել նման տեխնիկա չեմ տեսել, կարող է եղել է, բայց ես անձամբ չեմ տեսել», - ասաց Գրիգորյանը։

Դիտարկմանը, թե վարչապետն է այդ մասին հայտարարել, ԵԿՄ ղեկավարն արձագանքեց. - «Վարչապետը կարա հայտարարի էլ, կարա չհայտարարի էլ։ Մի հատ սենց խոսք կա, ասեմ վերջում չկապեք ուրիշի հետ, ասում է՝ «արջը մեծ գազան է, ինչ ուզի կանի»։

Հարցին թե այնուամենայնիվ իրեն մտահոգո՞ւմ է վարչապետի հայտարարությունը, Գրիգորյանը պատասխանեց. - «Վարչապետի հայտարարությունը... տենց բան չկա, որ ասվի ու չստուգվի, թող զգույշ լինեն, նայեն, ստուգեն։ Միշտ էլ թերություններ եղել է՝ բոլոր ժամանակներում, ես անձամբ փոխնախարար եմ եղել Զինված ուժերում, ակումլյատոր էլ չի աշխատել, վառելիքն էլ ա վատ եղել, ձմեռը վախտ ա եղել սառել ա, Պարսկաստանից ենք բերել, էսիմ որ երկրներից, անորակ բաներ ստացվել ա բանակում, բայց վռազ դզել են։ Միշտ էլ նման թերություններ եղել ա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG