Մատչելիության հղումներ

Մոտ 17 տարի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ղեկավարած Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ իր գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գնում է իշխանափոխության:

Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, գեներալ-գնդապետը նաև հավաստիացրեց՝ հաղթանակի պարագայում ձեռնամուխ են լինելու Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգերի փոփոխությանը:

«Գիտեք, Սահմանադրության համաձայն, մեզ ընձեռված հնարավորությունների շրջանակներում, մենք փորձում ենք ձևավորել համապատասխան կառավարման համակարգ։ Սա նշանակում է, որ իրականում մենք գնալու ենք այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն», - ասաց Օհանյանը։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարարը նախընտրական քարոզարշավի առաջին օրը վերստին անդրադարձավ վարչապետի օրերս արված աղմկահարույց հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել՝ անորակ նավթամթերքի պատճառով:

«Եթե ուզում են կարգուկանոն հաստատել, թող զբաղվեն իրենք դրանով, - ասաց Օհանյանը։

Հարցին, թե սա իր դեմ ուղղված քայլ համարո՞ւմ է, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց. - «Իմ դեմ ուղղված քայլ ես չեմ կարող համարել, որովհետև իմ գործունեության ընթացքում համապատասխան վերահսկող մարմինները ստուգումներ են իրականացրել՝ սկսած պետական մարմիններից, վերջացրած նաև գլխավոր ռազմական տեսչությունը և այլ վերահսկողական մարմիններ, որոնք որ Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողության մաս են կազմում»։

Կեսօրից հետո «Մոսկվա» կինոթատրոնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որը, եթե ամփոփենք, բաժանված էր երկու մասի՝ լրացուցիչ 50 միլիարդ դրամի հաշվին պայմանագրային զինծառայողների քանակի աճ, որն էլ իր հերթին կհանգեցնի Զինված ուժերի ամրապնդմանը, և երկրի ժողովրդագրական պատկերը բարելավող միջոցառումներ՝ նորածինների համար տրվող գումարի ավելացում, տարեկան մինչև 60 միլիոն դրամ շրջանառություն ունեցող գործարարներին հինգ տարով հարկերից ազատում, կենսաթոշակների ու պետաշխատավարձերի ավելացում, մաքսակետերում հսկիչ գների, կարմիր գծերի և արագաչափերի տուգանքների վերացում և այլն:

Ծրագիրը ներկայացնում էր դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը: «Բարձրացնել բանակի պայմանագրային զինծառայողների աշխատավարձը՝ հասցնելով այն 240 հազար դրամի։ Սպայական և ենթասպայական անձնակազմի աշխատավարձը 320 հազարից հասցնել 480 հազար դրամի։ Այլ փոփոխությունները բյուջեի վրա կնստեն առավելագույնը 50 միլիարդ դրամ, և մենք գիտենք՝ ինչպես ենք հայթայթելու այդ գումարը», - ասաց Մարգարյանը։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ընդգծեց, որ «հաղթանակով ազատություն են բերելու Հայաստանի բնակիչներին, ովքեր անազատ են ներկայիս վարչակազմի օրոք»:

«Մեր պայքարով, մեր հաղթանակով ազատություն պետք է բերենք մեր բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանից նրանք գտնվում են այս պահին հարաբերական ազատության մեջ, թե քաղաքական տարբեր պատճառներով և հայացքներով գտնվում են անազատության մեջ։ Ազատություն քաղբանտարկյալներին և ազատություն «Հաց բերողին», - ասաց Մարտիրոսյանը։

Հավաքը եզրափակեց Սեյրան Օհանյանը. - «Մեր ժողովրդին պետք է ասենք՝ հերիք է համակերպվել այս իրականության հետ, հերիք է հանդուրժել անարդարությունն ու ամենաթողությունը մեր երկրում»։

Պաշտպանության նախկին նախարարը խոստացավ հանդիպակաց մարտ մղել բոլոր խնդիրների դեմ: «Մենք առաջարկում ենք համահունչ գնալ քաղաքակիրթ աշխարհի հետ։ Առաջիկա ընտրություններում, սահմանադրորեն մեզ վերապահված իրավունքների շրջանակներում, մենք առաջարկելու ենք տվյալ վերնախավի փոփոխություն, ըստ էության՝ իշխանափոխություն։ Շատ անգամ ինձ հարցնում են իշխանության փոփոխության վերաբերյալ, նորից ես ուզում եմ կրկնել՝ պետք է փոխվի այսօրվա իշխանությունը», - հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը։

XS
SM
MD
LG