Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի գյուղերը սպասարկող «Շտապօգնության» հնամաշ ՈՒԱԶ-ը ոչ միշտ է տեղ հասնում


Ախուրյանի շտապ բուժօգնության կայանը շուրջ 3 տասնամյակ գործում է տնակային պայմաններում, բացի այդ Շիրակի մարզի 35 գյուղական համայնքի շուրջ 40 հազար բնակչությանը սպասարկում է 90-ական թվականների արտադրության ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենան:

«Մեկ մեքենայով հնարավոր չէ ժամանակին բուժօգնություն ցուցաբերել», - դժգոհեց Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն Շողիկ Մակարյանը անձամբ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին: - «Օրական 14-15 կանչ է լինում», - ի պատասխան նախարարի հարցի, թե քանի կանչ է լինում, պատասխանեց Մակարյանը:

Առողջապահության նախարարը ուներ բարձրաձայնված խնդրի պատասխանը․ - «Հանրապետության նախագահը հանձնարարել է Առողջապահության նախարարությանը հայթայթել միջոցներ և ձեռք բերել 10 բարձր անցանելիության մեքենա՝ ՈՒԱԶ, որոնցից մեկը, ես կարծում եմ, կտրամադրվի այս մարզին»:

Մինչ խոստացված մեքենան տեղ կհասնի, սպասարկումը կշարունակվի վաղուց իր դարն ապրած ՈւԱԶ-ը։ Շողիկ Մակարյանը պատմեց՝ եղել են դեպքեր, երբ մեքենան այդպես էլ տեղ չի հասել․ - «Անցած տարի ունեցել ենք 4400 կանչ: Մեքենայի և շառավղի մեծության պատճառով երբեմն կանչերի ուշացում է լինում՝ մի ծայրամասային գյուղից մյուս ծայրամասային գյուղ գնալը բավականին ժամանակ է խլում: Շատ սուր դեպքերում երբեմն նաև քաղաքի շտապբուժօգնությանն ենք դիմում, որպեսզի հիվանդը չտուժի և եղել են դեպքեր, որ մեզ օգնում են այդ հարցում՝ հատկապես ավտովթարների, սուր դեպքերի ժամանակ»:

Հին մեքենան ավելի ծախսատար է, խոստովանում է Մակարյանը, քանի որ ամեն կանչից հետո այն ստիպված են վերանորոգել․ - «Այդ մեքենան աշխատում է ամեն օր՝ հանգստի օր չունի»:

XS
SM
MD
LG