Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ում ընդունում են, որ կուսակցությունն իրեն սպառել է․ վերլուծաբան


Հանրապետական կուսակցության նախընտրական պաստառ

Հանրապետական կուսակցության նախընտրական պաստառ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ, վերջին շրջանում ՀՀԿ ղեկավար մարմնի անդամների սուր քննադատությունը իշխանության հասցեին վկայում է ներկուսակցական տարբեր շահերի բախման մասին։

«Կայուն վիճակն, իհարկե, ավարտվել է, բայց չեմ կարծում, որ դա ցնցումներով տեղի ունենա, որովհետև ի վերջո համակարգը այդ ընդհանուր անվտանգության շահն էլ ունի, այսինքն՝ չի գնա ընդհանուր շահին հարվածելու տարբերակով, իսկ ցնցումները կնշանակեն այդ հարվածը», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Հակոբ Բադալյանը:

Այս շաբաթ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Կարապետյանն ասել էր, թե իշխող Հանրապետականի անդամ լինելը իրեն կխանգարի առաջիկա ընտրություններում: Պատգամավորն ավելի հեռուն էր գնացել՝ իշխանությունից դժգոհողներին խորհուրդ տալով չընտրել Հանրապետականին։

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ խորհրդարանի ամբիոնից անդրադարձել էր բանակին մատակարարվող վառելիքի անորակությանը՝ հայտարարելով, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են «բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, վարչապետ Կարեն Կարապետյանի այս հայտարարությունը հնարավոր է ուղղված է պաշտպանության այդ ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանին, որը հիմա հանդես է գալիս ընդդիմության անունից։ Ի՞նչ են նշանակում կարկառուն հանրապետականների այս հայտարարությունները․ «Ազատության» հարցին Հակոբ Բադալյանը պատասխանում է․ - «Շատ կարևոր է իսկապես հասկանալ՝ ի վերջո ներքաղաքական, ներկուսակցական հաշիվների պարզաբանման միջո՞ց է դառնում բանակը, այսինքն՝ անվտանգության խնդիրը: Եթե դառնում է միջոց՝ սա իսկապես վտանգավոր տենդենց է և այս տենդենցը պետք է արգելակվի: Իսկ եթե վերաբերում է իսկապես անվտանգության խնդիրներին, ապա այս մասին պետք էր խոսել շատ ավելի վաղ, ոչ թե նախընտրական շրջանում»:

Քաղաքական մեկնաբանի կարծիքով, վերջին զարգացումները նշանակում է, որ ՀՀԿ-ում ընդունում են, որ կուսակցությունն իրեն սպառել է: - «Օրինակ, երբ պատգամավորը հայտարարում է, որ Հանրապետական լինելը իրեն կխանգարի, դա ինչ-որ իմաստով արտացոլումն է այն իրավիճակի, որ Հանրապետականը գործնականում ինքն էլ ամբողջությամբ ընդունել է, ընդհուպ Սերժ Սարգսյանի մակարդակով, երբ հայտարարվում էր՝ Կարեն Կարապետյանին ներկայացնելիս, որ նրա հետ քննարկվել է ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու խնդիրը: Այսինքն, եթե խոսք է գնում նոր ոգու մասին, ենթադրվում է, որ ընդունվում է հին ոգու՝ սպառվածությունը», - մեկնաբանում է Հակոբ Բադալյանը:

Վերլուծաբանի կարծիքով, շահերի այս բախումը Հանրապետականի ներսում կշարունակվի այնքան, մինչև չձևավորվի նոր խորհրդարանը։ Մյուս կողմից, այս բախումն ավելի ակնառու է դառնում ընդդիմադիր լայն ճակատի բացակայության պայմաններում։

Քաղաքագետ Արմեն Բադալյանը, անդրադառնալով Հանրապետականի ղեկավար մարմնի երկու անդամների կողմից հնչեցված քննադատությանը, ընդգծում է, որ խոսքերն այդպես էլ գործի չվերածվեցին: Հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանի քննադատությունը վերացական է և առանց այդ խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ գործողությունների է, ընդ որում՝ նա առաջին անգամ չէ, որ քննադատությամբ է հանդես գալիս, ասում է քաղաքագետը:

«Դրանից հետևություններ անել, որ նա կարող է ինչ-որ կուսակցության պառակտում տանել կամ կուսակցության մեջ եղած դժգոհ զանգվածին իր կողմը գրավել՝ պետք չէ», - մեկնաբանում է Բադալյանը՝ շարունակելով․ - «Գուցե սա կարող եմ դիտարկել որպես քարոզարշավից առաջ տեղի ունեցած երևույթներ, սակայն նա նախկինում էլ էր հայտնի իր քննադատական մոտեցումներով»:

Նույնը կարելի է ասել վարչապետի մասին, շարունակում է քաղաքագետը․ - «Քաղաքական գործիչը ոչ միայն կհայտարարեր, այլև հետամուտ կլիներ, որպեսզի հետաքննեն այդ գործողությունները, որովհետև դա հայտարարություն է հանցագործության վերաբերյալ»:

«Ազատության» դիտարկմանը, որ այս խորհրդարանական ընտրություններին իշխող Հանրապետականի կարգախոսն է «Անվտանգություն և առաջընթաց, բայց, միևնույն ժամանակ, վարչապետը կասկածի տակ է դնում ավտանգությունը, քաղաքագետը նկատում է՝ Հայաստանում այդ կարգախոսների նշանակությունը գերագնահատվում է:

«Զուտ կարգախոսները, եթե չկան դրան նախորդող գործողությունները, ընդամենը գեղեցիկ բառեր են», - նշում է նա:

XS
SM
MD
LG