Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ճեպազրույցների առանցքային թեման առաջիկա քարոզարշավն էր


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ:

Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծիքով, եթե ապրիլյան պատերազմի ժամանակ չարաշահման դեպքեր են եղել, պետք է հետաքննել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, հիշեցնեմ, երկու օր առաջ ԱԺ - կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասել էր․ - «Կասկածներ ունեն, որ վառարանային վառելիքը խառնվում է կերոսինի հետ և շուկայում հայտնվում է անորակ նավթամթերք: Արիլյան պատերազմի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:

«Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, այո, մենք լսել ենք: Եվ բնականաբար, եթե կան նման դեպքեր, ինձ թվում է, դա հետաքննության կարիք ունի, և իրավապահները դրա պատասխանը կտան», - նշեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով նախընտրական կարգախոսներին՝ Բաղդասարյան ասաց, թե, իր կարծիքով, Հանրապետականի կարգախոսում ամրագրված «անվտանգությունն» ու ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինքի «խաղաղությունն» իրար ոչ թե հակասում են, այլ լրացնում․ - «Եթե չկա խաղաղություն, չկա անվտանգություն: Եվ մեր համար, մեր երկրի, բոլոր քաղաքական ուժերի համար մեկ խնդիրը երկրի անվտանգության խնդիրն է, որից բխում է նաև խաղաղությունը: Մնացած բոլորը դրանց ածանցյալներն են՝ առաջընթացը, զարգացումը, ժողովրդավարությունը: Դրանք հաջորդելու են մեր անվտանգությանը և խաղաղությանը»:

Եթե լուծվի անվտանգության խնդիրը, ըստ Բաղդասարյանի, ՀՀԿ-ի նախընտրական նախկին կարգախոսներն էլ իրականություն կդառնան․ - «Եվ որպեսզի մենք հասնենք «Առաջ, Հայաստանին», «Ապահով Հայաստանին», մենք առաջին հերթին պետք է լուծենք մեր երկրի անվտանգության հարցը»:

Բաղդասարյանը շեշտեց՝ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին չէ․ - «Մենք այդ ժողովրդի ղեկավարության վարած քաղաքականության դեմ ենք․․․ Ժողովուրդը մեր թշնամին չէ: Եվ մենք դեմ չենք․ մեր նպատակներին հասնելուց հետո, Արցախի ինքնորոշման խնդիրը կարգավորվելուց հետո, խաղաղ պայմաններ ստեղծելուց հետո այդ ժողովրդի հետ մենք կարողանանք հարաբերություններ վերականգնել»:

Ըստ նրա, «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսի շրջանակներում ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ՀԱԿ-ի հետ․ - «Մենք շարժվելու ենք մեր կարգախոսով, իսկ եթե ՀԱԿ-ը ցանկանա, որ մեզ հետ նույնպես այդ կարգախոսով շարժվի, մենք պատրաստ ենք համագործակցել»:

ՀԱԿ-ը, մինչդեռ, ինչպես այսօր հայտարարեց Արամ Մանուկյանը, համագործակցությունը բացառում է․ - «Այն նախագիծը, որը կոչվում է, այսպես ասած, խաղաղության ծրագիր, դա մեր ծրագիրը չէ: Դա Հանրապետականի հետ համաձայնեցրած, Ադրբեջանի հետ համաձայնեցրած ծրագիրն է: Մենք դիմում ենք իշխանություններին՝ գնալ խաղաղության այս ծրագրով: Եթե իրենք իրականացնում են, մենք ողջունում ենք: Իրենք ավելին են կարողանում ձեռք բերել՝ կրկին ողջունում ենք: Եթե չեն գնում, համարձակությունը չունեն կամ խուսափում են այս հարցին պատասխանելուց, կամ այս խնդիրը լուծելուց, ասում ենք՝ մենք ենք պատրաստ էդ խնդիրը լուծելու»:

ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինքի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսին, Արմեն Ռուստամյանի խոսքով, Դաշնակցությունը դեմ է, քանի որ կարծում է, որ այդ թեզը հրապարակ է բերվել առավելապես «դրսի բարեհաճությունը ստանալու համար»:

Դաշնակցության կարծիքով, որևէ զիջման մասին խոսք լինել չի կարող՝ քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ - «Ոչ թե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, որը տարբեր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, որովհետև 1991 թվականին հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ ԼՂԻՄ գումարած Շահումյանի շրջանը: Այ այդ տարածքներով թող ճանաչի անկախությունը, որ բանակցությունները տեղից շարժվեն: Ըստ էության, ոչ մի զիջում պարտաստ չի կատարել ադրբեջանական կոմղը: Հիմա ո՞նց ենք պատրաստվում գնալ խաղաղության, որպեսզի պատերազմը դադարի: Դրա հեշտ ձևը․․․ հանձնվելն է: Էկեք հանձնվենք, ասենք՝ Ադրբեջանն էս ա ուզում, տանք իրան, որպեսզի բավարարենք նրա քմահաճույքները, որ հասնենք խաղաղության»:

Արամ Մանուկյանի արձագանքը․ - «Սոչին ու Ստամբուլն էլ գումարենք հետը, համաձայնություն տանք: Ինչի՞ չէ: Ցանկությունների առումով Դաշնակցությունը ներկայացնում է բաժակաճառ, ցանկություն: Մենք խոսում ենք ռեալություններինց»:

XS
SM
MD
LG