Մատչելիության հղումներ

«Ելք» դաշինքը հնարավոր է համարում կոալիցիան ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի հետ՝ բացառությամբ Հանրապետական կուսակցության:

«Բոլոր պայմաններով բացառում ենք միայն Հանրապետական կուսակցության հետ: Ոչ թե նրա համար, որ քաղաքական դաշտում շատ հոգեհարազատ գործընկեր ուժեր ենք տեսնում, այլ որովհետև մենք կարծում ենք, որ եթե խորհրդարանում մենք տեսնենք, որ կա իրական հնարավորություն Հայաստանում իշխանության փոփոխություն իրականացնելու համար, որպես հանրության առաջ ստանձնած պարտավորություն, մենք պետք է այդտեղ կարողանանք ճկուն գտնվել և, այո՛, հանուն փոփոխություններին գնանք քայլերի», - պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ, սակայն, Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի առաջնորդած դաշինքը դեռ վերապահումներ ունի՝ արդյո՞ք ընդդիմադիր դրոշով քարոզարշավ տանող բոլոր ուժերն են իսկապես ընդդիմադիր:

«Ելք» դաշինքը բազմիցս է քննադատություն հնչեցրել, օրինակ, Սեյրան Օհանյանի և Գագիկ Ծառուկյանի հասցեին՝ կասկած հայտնելով, որ նրանք ավելի շուտ կոալիցիա կկազմեն Հանրապետականի, քան ընդդիմադիր ուժերի հետ:

«Բացառում ենք Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելը: Հիմա եթե իրենք հայտարարեն, որ իրենք էլ են բացառում․․․ Այդպիսի հայտարարություն միայն «Ելք» դաշինքն է, որ արել է», - ասաց Էդմոն Մարուքյանը:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը դեռ պիտի տեսնի, թե ով է իսկապես պայքարելու իշխանությունների դեմ․ - «Ընտրակաշառք ընտրությունների ժամանակ բաժանվել է, և բաժանել է ոչ միայն Հանրապետական կուսակցությունը: Հիմա էլ պիտի նայենք: Բազմաթիվ կուսակցություններ կան, որոնք հայտարարում են, որ իրենք ընդդիմադիր են, բայց ունեն սեփական հեռուստատեսություն, որը բավականին չեզոք ու բավականին լայն լուսաբանում է իշխանության թևին, որոնք ունեն լուրջ նյութական ռեսուրսներ: Էս մարդիկ, եթե ընտրություններին կմասնակցեն մաքուր, գումար չեն բաժանի, տեղամասերում մեր նշանակած վստահված անձերի ու հանձնաժողովի անդամների հետ հավասար կպայքարեն իշխանության [կողմից] արվող կեղծիքների դեմ, կնայենք, կքննարկենք՝ ում հետ ինչ համագործակցության»:

Դաշինքի թիրախը Հանրապետականն է, բայց համաձայն չեն, թե ընդդիմադիրներին չպիտի քննադատեն: Էդմոն Մարուքյանն ասաց․ - «Հիմա եթե տեսնենք ընդդիմադիր կամ ինչ-որ ոչ-իշխանական ուժ ցուցակագրում է մարդկանց, որ փող բաժանի, արդյո՞ք պետք է լռենք դրա մասին: Բնականաբար ոչ»:

«Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսի ներքո «Ելք»-ի առաջնորդները առանձին-առանձին քարոզարշավ կանեն Հայաստանով մեկ, ավարտական փուլում արդեն միասնական հանրահավաքներ կլինեն: Նախընտրական մեկնարկային պայմանները դաշինքն անհավասար է որակում:

Էդմոն Մարուքյանը վարչական ռեսուրսը նշեց․ - «Վերցրեք Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտարարագիրը և նայեք քանի շենք, շինություն ունի այդ կուսակցությունը Հայաստանի Հանրապետության գյուղերից սկսած՝ մինչև Երևանի կենտրոն: Եվ տեսեք՝ մյուս քաղաքական միավորները հավասար հնարավորություններ ունե՞ն, թե՞ ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG