Մատչելիության հղումներ

«Եվրոնյուզ»-ի հետ զրույցում Սարգսյանն ասել է, թե ՀՀԿ-ի ցուցակում չի ընդգրկվել՝ հաշվի առնելով ընդդիմության մտահոգությունները


Սերժ Սարգսյանը չի գլխավորում իշխող Հանրապետականի ընտրական ցուցակը՝ հաշվի առնելով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ընդդիմության մտահոգությունները: Այս մասին Հայաստանի նախագահը հայտարարել է Բրյուսելում՝ «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, չմանրամասնելով իր ապագա քաղաքական ծրագրերը:

«Եվրոնյուզ»- Իշխող Հանրապետականի ընտրական ցուցակում Սերժ Սարգսյան անունը չկա, արդյո՞ք դա նշանակում է, որ դուք լքում եք քաղաքականությունը:

Սերժ Սարգսյան- Դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում ընդդիմության անհանգստությունը, որ խորհրդարանական ընտրություններում մենք կօգտագործենք վարչական ռեսուրս: Դա նաև նշանակում է, որ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին՝ դրսևորել իրենց քաղաքականության մեջ:

Արդեն 10 տարի Հանրապետական կուսակցությունն առաջնորդող Սերժ Սարգսյանը նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավորել է իշխող ՀՀԿ-ի նախընտրական ցուցակները՝ զբաղեցնելով երկրի վարչապետի և նախագահի պաշտոնները: 2017-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի համապետական ցուցակի առաջին համարը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ևս ընդգրված չէ ցուցակում՝ առաջնորդում է վարչական ռեսուրսից հրաժարվելու մասին բարձրաձայնող Հանրապետականի քարոզարշավը:

Նախագահ Սարգսյանը օրեր առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ավարտել են Եվրամիության հետ բանակցությունները՝ 2013-ի տապալված ասոցացման համաձայնագրի փոխարեն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ: Փաստաթուղթը հավանաբար կստորագրվի մայիսին:

«Եվրոնյուզի» թղթակիցը Հայաստանի ղեկավարից հետաքրքրվել է՝ նոր փաստաթուղթը հետընթա՞ց է չկնքված ասոցացման համաձայնագրից, թե՞ քայլ առաջ:

Սերժ Սարգսյան- Երկու կողմերի բարի կամքի դրսևորմամբ՝ այս համաձայնագիրը էականորեն չի տարբերվում նախորդից․ քաղաքական մասում գրեթե տարբերություն չկա, ինչ վերաբերում է տնտեսական մասին՝ մենք ուղղակի պետք է այնպես անեինք, որպեսզի չխախտեինք մեր մյուս պայմանավորվածությունները:

«Եվրոնյուզ»-ը, հիշեցնելով, որ Ռուսաստանն առարկել է Եվրամիության հետ Ուկրաինայի և Հայաստանի՝ ասոցացման համաձայնգրեր կնքելուն, Սարգսյանից հետաքրքրվում է՝ արդյո՞ք Հայաստանը տապալեց ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որպեսզի գոհացնի իր մեծ դաշնակից Ռուսաստանին:

Սերժ Սարգսյան- Ի սկզբանե, երբ փաստաթուղթը բանակցվում էր՝ մենք խոսում էինք և-և-ի մասին, այսինք և՛ ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել՝ մի գնացեք ստորագրեք: Ռուսական կողմն ասել է՝ եթե պետք է ստորագրեք, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ չպետք է լինեք, ապա պարտավոր պետք է լինեք, օրինակ, էներգակիրները գնել միջազգային գներով:

«Եվրոնյուզ»- Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ 3 տարի բանակցելուց հետո անակնկալ կերպով Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը միացած Հայաստանն արդյո՞ք հնարավոր համարում է երկու միությունների համադրությունը:

Սերժ Սարգսյան- Համադրության մասին խոսելը կարծում եմ՝ դեռ վաղ է, հիմա ճիշտ կլինի խոսել երկու կողմերի միջև համագործակցության մասին:

Անցած տարեվերջին ՀԱՊԿ-ը, որի անդամն է նաև Հայաստանը, հայտարարել էր, որ մտադիր է պատասխանել ՆԱՏՕ-ին Ռուսաստանի սահմանների մոտ սպառազինություններ կենտրոնացնելու համար: «Եվրոնյուզ»-ը Սարգսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք անվտանգության հարցում ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը այլընտրանք է փնտրում Ռուսաստանին:

Սերժ Սարգսյան- Երեկ ես հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և հրավիրել եմ նրան Հայաստան, որպեսզի մենք միասին կարողանանք ի մի բերել այն աշխատանքը, որ կատարել ենք այս 25 տարիների ընթացքում: Այնպես որ՝ այս համագործակցությունը երբեք չի խոչընդոտում ՀԱՊԿ-ում մեր համագործակցությանը Ռուսաստանի հետ:

Խոսելով կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ դա կտա հնարավորություն՝ ստեղծելու պայմաններ, երբ քաղաքացիներն «ավելի քիչ կդժգոհեն, քան նախկինում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG