Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

Ըստ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայության, հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանատան Քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ընտրական ցուցակի երրորդ համար Ստյոպա Սաֆարյանը, կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամլո խոսնակ Սոնա Մինասյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ծրագրին, ընտրողներին ներկայացվելիք հիմնական ուղերձներին և ընտրարշավի հետ կապված քաղաքական և կազմակերպչական հարցերին։

Երկուստեք կարևորվել է ԱԺ ընտրությունների ժողովրդավարական չափանիշներով անցկացումը, ինչը կենսական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի հետագա զարգացման և միջազգային վարկանիշի համար:

Ռիչարդ Միլսն իր խոսքում շեշտել է, որ դեսպանատունը կարևորում է ընտրությունների անցկացման ազատ և թափանցիկ ընթացքը։ «Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուրախ եմ շարունակել հանդիպումների շարքը կուսակցությունների ու քաղաքական դաշինքների հետ: Մեր նպատակը մշտապես եղել է այն, որ օգնենք Հայաստանի կուսակցություններին մասնակից դառնալ այնպիսի ընտրական գործընթացի, որը նշանակալի քաղաքական բանավեճերի և լավատեղյակ քաղաքական ընտրության հնարավորություն է ապահովում հայ ընտրողների համար: Հայաստանի ժողովրդին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրարշավին և բաց չթողնել ապագան կերտելու այս հնարավորությունը», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Միլսը, հիշեցնենք, երեկ այցելել էր Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG