Մատչելիության հղումներ

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում երեկ դանակահարված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Աբրահամ Ադամյանի առողջական վիճակը լավ է։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։

Ոստիկանությունը կալանավորել է կասկածյալին, ով, ինչպես տուժածի բարեկամներն են պնդում, Հանրապետական կուսակցությանն է հարում։ Դանակահարված Աբրահամ Ադամյանի կինը՝ Գայանե Գրիգորյանը, «Ազատության» հետ զրույցում ներկայացրեց դեպքի մանրամասները․ - «Իրան կանչին, տարան գյուղի ինչ-որ տեղ, ու մեկ էլ լսեցինք, որ իրան դանակով խփել են ու տարել են հիվանդանոց: Վերքը շատ խորնա էլե, դանակը մտցրել ու խառնել են, աղիքները չորս տեղից ծակել են: Պատճառն էլ էդ ընտրությունները․․․ հիմնական բախումը էտա, որ իրանք էդ անծանոթ մարդկանց հետ բախում են ունեցել»:

Սայաթ-Նովայի գյուղապետ, «Բարգավաճ Հայաստանի» անդամ Ռազմիկ Ալավերդյանը ևս կատարվածի հիմքում միմիայն քաղաքական դրդապատճառներ է տեսնում։

Մինչդեռ կասկածյալի հարազատները պնդում են, որ թե՛ Աբրահամ Ադամյանը, թե՛ նրան դանակահարողը Հանրապետական կուսակցությանն են հարում։

Ի դեպ՝ թե իրականում որ կուսակցությանն է պատկանում տուժածը, իր տանն էլ հստակ չգիտեն։

Երեկ՝ դեպքից ժամեր անց, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն «Ազատությանն» ասել էր, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն, դանակահարողն ու դանակահարվողը բարեկամական կապի մեջ են:

Տուժածի կինը, սակայն, հերքեց, որ իրենք բարեկամական կապ ունեն մյուս կողմի հետ։

XS
SM
MD
LG