Մատչելիության հղումներ

Երևանի Հաղթանակ թաղամասի (կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ 4-րդ գյուղի) բնակիչների մի մասը կոյուղու խնդիրը լուծելու հույսը կապում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:

Օրերս մամուլը գրել էր, որ տարիներ շարունակ չլուծված հարցի լուծումը որոշել է տալ թիվ 3 ընտրատարածքում Հանրապետականի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սամվել Ալեքսանյանը: Պատգամավորի թեկնածուի ներկայացուցիչները պայմանավորվածության են եկել բնակիչների հետ, որ Ալեքսանյանը կհոգա կոյուղի անցկացնելու ծախսերը, իսկ իրենք ապրիլի 2-ին ձայն կտան հենց Ալեքսանյանին:

«Ալեքսանյանը ասել ա՝ ես դա կանեմ», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց թաղամասի բնակիչներից մեկը և շարունակեց․ - «Անցած շաբաթ թաղապետարանից էին եկել, հետո էլ մեր գյուղապետը․․․ մենք գնացինք իրանց մոտ, խոսացինք, ասեց 120 միլիոն ա նստում: Մենք ասենք՝ չէ, էդքան չի նստի՝ 15-20 միլիոն: Ասեց՝ եթե էդ գումարն ա, ինքը կանի»:

Հարցին, թե ինչի դիմաց, բնակիչն ասաց․ - «Որ իրան ընտրենք»:

Բնակիչները նախընտրական այս խոստումները ընտրակաշառք չեն համարում: Ասում են՝ կարևորը ժողովրդի համար լավ լինի: Ըստ նրանց, շուտով սկսելու են նաև ցուցակագրումները՝ պարզելու համար, թե քանի տան տարածքում պետք է կոյուղի անցկացվի: Գյուղացիների նախնական հաշվարկով, մոտ 400 տնտեսության մասին է խոսքը:

«Ժողովուրդն ուզում ա, որ աչքով տենա: Երբ որ տեսավ, ամեն ինչը կստացվի: Անե՞ն՝ կանե՛նք․․․ Բա իհարկե կընտրենք», - ասաց թաղամասի մեկ այլ բնակիչ:

Տղամարդիկ պատմում են, որ Ալեքսանյանը նախկինում ևս խոստացել էր կոյուղին վերանորոգել, բայց չի արել: Երբ հարցնում ենք՝ ինչու, ասում են՝ գործարար պատգամավորին ուռճացված ծախսեր են ներկայացրել:

Ավելին, բնակիչներից մի քանիսը պնդում են, որ այժմ իրենք առանց միջնորդի են դիմել Ալեքսանյանին՝ կոյուղին ընտրություններից առաջ վերանորոգելու խնդրանքով․ - «Ստե կաշառք չկա: Դիմել ենք, հույսով ենք, որ իրոք չենք մերժվի ու կունենանք արդյունք»:

«Ով սարքի, իրան էլ կընտրենք․․․ Բա ինչ, ժողովուրդը էդ ձև ա․․․ Ես Հանրապետական չեմ ճանաչում, ես Ալեքսանյան եմ ճանաչում», - հավելեց մեկ ուրիշը:

Պարզելու համար, թե ինչ նախընտրական խոստումներ է տալիս Սամվել Ալեքսանյանը, «Ազատությունը» փորձեց կապ հաստատել նրա հետ: Նա, սակայն, զանգերին չէր պատասխանում:

Դիմեցինք նաև Մալաթիա֊Սեբաստիա համայնքի ղեկավարին, ով ինչպես հայտնի է, Ալեքսանյանի զարմիկն է: Արտակ Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ այդ ինչպես է ստացվել, որ, ըստ բնակիչների խոսքի, համայնքապետարանի աշխատակիցները գնացել են Հաղթանակ թաղամաս ու խոստացել, որ պատգամավոր Ալեքսանյանը կլուծի կոյուղու խնդիրը:

«Նման բան չկա: Մեր աշխատակիցները հաստատ Ալեքսանյանի անունից ոչ մի խոստումներ մեր բնակչության չեն տալիս», - ասաց Արտակ Ալեքսանյանը:

«Նախընտրական շրջանում նման բարեգործությունների, խոստումների ու նվիրատվությունների աճ է գրանցվում», - արձանագրում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանը:

Նա շեշտում , որ սա ոչնչով չի տարբերվում ընտրակաշառքից, բայց իշխանությունն ու դատական համակարգը աչք են փակում ու նաև արդարացնում թեկնածուների նման գործելաոճը․ - «19-20 տարի Հայաստանի ընտրություններում տեսնում ենք փաստացի ընտրակաշառք, որը օրենքի մեկնաբանության տեսանկյունից իսկապես ընտրակաշառք է: Բայց իշխանությունը իր իրավապահ և դատական համակարգով բացարձակ ցանկություն չունի դա վերացնելու և խափանելու»:

Բարսեղյանի խոսքով՝ ընտրակաշառքի այս տեսակը վերացնել չի ստացվում, և պատահական չէ, որ հենց նախընտրական շրջանում են հիշում փողոցների ասֆալատապատելու, անվճար բժշկական օգնություն տրամադրելու, տանիքները նորոգելու մասին: Հատկապես ցավալի է, ըստ նրա, որ ընտրողներն իրենց նախաձեռնությամբ են դիմում պատգամավորին՝ սահմանելով իրենց քվեի արժեքը․ - «Գուցե թե ընտրություններին որպես քվեարկիչներ տարվածների ճնշող մեծամասնությունը պատրաստ է ինչ-որ բանի դիմաց իր քվեն փոխանակել, որովհետև քաղաքական ակնկալիք, դժբախտաբար, չունի: Քաղաքական գաղափարները ժամանակին չեն առաջարկվել, իսկ առաջարկողները դավաճանել են իրենց հավատամքին և խոստումներին, մարդիկ էլ ճարները կտրած ասում են՝ ով էկավ փողը տվեց, ով էկավ տանիքը սարքեց, ով էկավ ջրագիծը քաշեց, նրան էլ կընտրենք»:

XS
SM
MD
LG