Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան փորձագետը սպառնալիք է տեսնում ադրբեջանա-պակիստանյան համաձայնագրում


Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է բալիստիկ հրթիռներ ձեռք բերել Պակիստանից:

«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի առկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում: Այս մասին ռուսական Gazeta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Ադրբեջանը, մինչդեռ, որոշ փորձագետների պնդմամբ, ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ հայկական «Իսկանդեր»-ների գործոնը չեզոքացնելու ուղղությամբ։

Մասնավորապես՝ անցած տարի դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումներին հաջորդեցին Ադրբեջանին իսրայելական «Երկաթե Գմբեթ» ՀՕՊ համակարգի վաճառքի մասին հաղորդագրություններ։ Ավելին՝ այժմ էլ հաղորդումներ կան այն մասին, որ Բաքուն մտադիր է ձեռք բերել նաև միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ։

Երեքշաբթի օրը մինչ այսօր Հայաստանի Հանրապետությունը չճանաչած՝ միջուկային երկիր համարվող Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այդ երկրի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման արդյունքով ստորագրվել է ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, որի մանրամասները չեն հրապարակվել։

Անցած տարի պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում Պակիստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության, այդ թվում՝ ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարման ծավալները պետք է հասցվեն 500 միլիոն դոլարի։ Փորձագետների կարծիքով, Ադրբեջանին առավելապես հետաքրքրում են պակիստանյան արտադրության բալիստիկ հրթիռները։

Ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերի կարծիքով, Բաքուն կարող է Իսլամաբադից գնել 500 կմ և պակաս հեռահարության բալիստիկ հրթիռներ: «Միջազգային կազմակերպությունները վերահսկում են նման սպառազինության վաճառքը, 300 կիլոմետրից ավելի հեռահարություն ունեցող հրթիռների վաճառքն արգելված է։ Սակայն, այնպես չէ, որ դրա համար դատում են։ Իսրայելը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները չփչացնելու համար չի համաձայնի նման հրթիռներ վաճառել Ադրբեջանին, իսկ ահա՝ Պակիստանը կարող է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը։ Ավելին ՝ ըստ նրա, Պակիստանը կարող է նաև նման հրթիռների արտադրության տեխնոլոգիա վաճառել Ադրբեջանին կամ համատեղ արտադրություն սկսել։

Ընդգծելով, որ ինքը հստակ չգիտի, թե ինչ փաստաթուղթ են ստորագրել Ադրբեջանն ու Պակիստանը, փորձագետը հավելում է՝ Բաքուն հետաքրքրված է նաև պակիստանական JF-17 կործանիչներով՝ «Բայց նույնիսկ այդ կործանիչներն էականորեն իրավիճակ չեն փոխի։ Ադրեբջանն առանց այդ էլ բավականաչափ ռազմական ավիացիա ունի։ Իսկ ահա՝ պակիստանական հրթիռները կարող են էականորեն ազդել տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա»:

Ադրբեջանը, հիշեցնենք, աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների ցանկում զբաղեցնում է 21-րդ տեղը: Այս մասին է վկայում Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի վերջերս հրապարակած 2016 թ․ զեկույցը։ Այդ ուսումնասիրության արդյունքներով՝ վերջին հինգ տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը։ Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Վերջին տարիներին, սակայն, Ադրեբջանը ռազմաարդյունաբերական ոլորտում զգալիորեն ակտիվացրել է իր համագործակցությունը նաև Իսրայելի և Պակիստանի հետ։

«Իսրայելն այսօր Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի գործարան է կառուցել։ Եվ այդ մասով Ադրեբջանը ոչ միայն Հայաստանին է շոշափելիորեն գերազանցում, այլ նույնիսկ Ռուսաստանին»,- նշում է Ֆելգենգաուերը: Հայաստանցի որոշ փորձագետներ, մինչդեռ, նշում են, որ Ռուսաստանին, որպես Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության պահպանմամբ շահագրգիռ երկրի, չի կարող չմտահոգել Ադրբեջանի համագործակցությունը Պակիստանի կամ Իսրայելի հետ։

Պավել Ֆելգենգաուերն, այդուհանդերձ, ընդգծում է՝ Ադրբեջանին նման համաձայնագրերն իրագործելու համար տարիներ են պետք: Է՛լ ավելի շատ ժամանակ է պետք՝ որպեսզի Ռուսաստանն արձագանքի այդ զարգացումներին: «Խնդիրը բարդանում է նաև հանգամանքով, որ Հայաստանը նույնիսկ ներքին գներով Ռուսաստանից նոր սպառազինություն գնելու համար փող չունի, այսինքն՝ Ռուսաստանը դրա համար միջոցներ պետք է հայթայթի սեփական ռեսուրսներից։ Իսկ Ռուսաստանի տնտեսությունն այսօր այնքան էլ լավ վիճակում չէ»,- նշում է ռուսաստանցի փորձագետը:

Վերջինիս կարծիքով, ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտված՝ ուժերի հարաբերակցության խախտվածությունը դեռևս չի վերականգնվել, թեև Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկել։ Ինչ վերաբերում է պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը՝ ըստ Ֆելգենգաուերի, «դա ընդհամենը ժամանակի հարց է»։ «Երկու կողմերն էլ պատրաստ են պատերազմի, և ռազմական գործողություններից խուսափելու համար լուրջ քաղաքական գործընթացներ են պետք, որոնց հեռանկարն անգամ այսօր չի ուրվագծվում»,- ասում է ռուսաստանցի փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG