Մատչելիության հղումներ

Կավկազ-Փոթի լաստանավի նվազեցված սակագներով փոխադրված առաջին բեռները հասել են Երևան


Լուսանկարը՝ ՀԿԵ-ի
Լուսանկարը՝ ՀԿԵ-ի

Օրերս Հարավկովկասյան երկաթուղով (ՀԿԵ) Երևան են բերվել նվազեցված սակագներով Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում փոխադրված հայկական առաջին բեռները: Երևանում գտնվող Կարմիր Բլուր երկաթուղային կայարան առաջինն է հասել «Սպեցմաշ» ընկերության գյուղատնտեսական տեխնիկան:

ՀԿԵ հաղորդագրության համաձայն՝ սակագնի իջեցումը հնարավոր է դարձել Հարավկովկասյան երկաթուղու կողմից նշված լաստանավի վրա տեղերի գնման և բեռնափոխադրումների գործընթացի հեշտացման և սակագների օպտիմալացման վերաբերյալ միջազգային գործընկերների հետ տարված բանակցությունների շնորհիվ: Այսպիսով, Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կկրճատվի միջինը 2 հազար դոլարով:

«Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ և ակտիվ բանակցում ենք Ռուսական և Վրացական երկաթուղիների ներկայացուցիչների հետ: Օրերս մեզ հաջողվեց նվազեցնել հայկական բեռների համար Վրացական երկաթուղու սակագները միջինը 30 տոկոսով (մոտ 500 դոլար)», - ասել է ՀԿԵ Ֆիրմային տրանսպորտային ճանապարհային կենտրոնի պետ Դմիրի Գվոզդևը:

Նրա խոսքով՝ նման զեղչերը թույլ են տալիս գործարարներին օգտվել մրցակցային սակագներից Վերին Լարսին այլընտրանքային երթուղում և տնտեսել ժամանակն ու ֆինանսները:

Գվոզդևի փոխանցմամբ՝ ՀԿԵ կողմից առաջարկվող երթուղին և սակագների նվազեցումը գործարարների մեծ ուշադրությանն են արժանացել, և այժմ երկաթուղին բանակցություններ է վարում շուրջ 200 հայկական և վրացական ընկերությունների հետ: Մասնագետի կանխատեսումներով, առաջարկվող երթուղու հարմարությունը, ճկուն սակագները և անկախությունը եղանակային պայմաններից թույլ կտան ապահովել լաստանավի ակտիվ աշխատանքը:

Կավկազ-Փոթի հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները փետրվարի 10-ից իրականացվում են կանոնավոր կերպով՝ համաձայն չվացուցակի:

Երկաթուղալաստանավային փոխադրումներն առավել օպտիմալ են լոգիստիկայի տեսանկյունից, քանի որ չեն պահանջում բեռների լրացուցիչ վերաբեռնում երկաթուղային տրանսպորտից ավտոմոբիլային և կատարվում են վագոններով միայն երկաթուղով: Առաջարկվող զեղչերը թույլ կտան նաև կրճատել ապրանքների վերջնական արժեքը, ինչը ձեռնտու է և՛ հայկական սպառողներին, և՛ տեղական արտադրողներին, ասված է հաղորդագրությունում:

«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG