Մատչելիության հղումներ

«Հաց բերողը» հրաժարվում է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց


«Հաց բերող» Արթուր Սարգսյանը կալանավորվելիս

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը կալանավորվելիս

Արդեն 21 օր սննդից և դեղորայքից հրաժարված «Հաց բերող» մականունով հայտնի Արթուր Սարգսյանը հրաժարվում է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, հաղորդում է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի բաժինը։

Նշվում է, որ երեկ երեկոյան քրեակատարողական վարչությունը փաստաբանների ներկայությամբ շտապբուժօգնություն է կանչել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն, Արթուր Սարգսյանը հրաժարվել է նրանց հետ գնալ հիվանդանոց։

Սարգսյանի մասին այսօր խոսել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե այսօր առավոտյան այցելել են Սարգսյանին, հորդորել դուրս գալ հացադուլից։ Արման Թաթոյանն ասում է՝ առաջին հերթին իրենց ուշադրության կենտրոնում է Արթուր Սարգսյանի առողջության պահպանման հարցը։

«Կարծում եմ՝ զուտ հիվանդանոցային պայմանների բավարարության տեսանկյունից ավելի արդյունավետ կլինի, եթե լինի քաղաքացիական հիվանդանոցում», - ասել է Թաթոյանը: - «Տեղյակ եմ, որ հրաժարվել է: Մեզ էլ է նույնը ասել: Մեր աշխատակիցներն այսօր արդեն եղել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, այդ բոլոր հանգամանքները մենք ստուգել ենք, նաև փաստաբանների ներկայությամբ էլ է հրաժարվել, մեզ էլ է նույնը ասել»:

Լրագրողների հարցին, թե որքանով է օրինական մի շարք լուրջ հիվանդություններ ունեցող Սարգսյանի կալանավորումը, Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց․ - «Օրենսդրական պահանջներով՝ դա նաև միջազգային պահանջներն են, արգելվում է այդ առումով գնահատականներ տալ»:

Երեկ երեկոյան պաշտպանյալին տեսակցած փաստաբան Տիգրան Եգորյանն «Ազատության» հետ զրույցում բացատրում է, թե ինչու է «Հաց բերողը» հրաժարվել տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց։ Նշում է, որ դրա կարիքը վաղուց կար, բայց նրան միայն երեկ նման առաջարկ արվեց։ Իրենց պահանջը՝ փոխել կալանքն ու դրանից հետո միայն տեղափոխել հիվանդանոց, շարունակում է մերժվել։

«Նա հրաժարվում է գնալ, ասելով, որ սա իմ շարունակական բողոքն է և եթե պետությունը ընդամենը փորձում է իր վրայից պատասխանատվությունը բարդել ինձ վրա, խնդիր չկա՝ ես այդ պատասխանատվության տակ պատրաստ եմ գնալ մինչև վերջ», - մանրամասնեց Եգորյանը:

Փաստաբանի կարծիքով, ծայրահեղ հյուծված Սարգսյանի վիճակը ցանկացած պահի կարող է էլ ավելի վատթարանալ։

Անցած ամռանը Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ։ Գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։

Անցած դեկտեմբերին նա ազատ արձակվեց, ապա՝ փետրվարի 9-ին կրկին կալանավորվեց։ Սարգսյանը հացադուլի միջոցով պահանջում է ազատ արձակել իրեն՝ պնդելով, որ մի շարք լուրջ հիվանդություններ ունի, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։

XS
SM
MD
LG