Մատչելիության հղումներ

Խորհրդարանի այսօրվա նիստը տապալվեց, քվորում չկա


ԱԺ նիստերի դահլիճը, արխիվ

ԱԺ նիստերի դահլիճը, արխիվ

Իշխող ՀՀԿ խմբակցության 69 պատգամավորներից նիստին ներկա էին ընդամենը 6-ը: Որոշ ընդդիմադիրների համոզմամբ, Հանրապետականը միտումնավոր է տապալել խորհրդարանի աշխատանքը:

Ազգային Ժողովի նիստն այսօր տապալվեց քվորումի բացակայության պատճառով: 131 պատգամավորներից գրանցվեցին միայն 34-ը, մինչդեռ, քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն: Խորհրդարանում մեծամասնություն կազմող՝ իշխող ՀՀԿ խմբակցության 69 պատգամավորներից նիստին ներկա էին ընդամենը 6-ը՝ Գագիկ Մելիքյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը և Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակայանը՝ 2 փոխնախագահների հետ մասին:

Ի դեպ, այսօր Ազգային Ժողովի նիստին հետևելու համար խորհրդարան էին եկել Երևանի թիվ 119 ավագ դպրոցի աշակերտները, սակայն, հատուկենտ պատագամավորներից ու դատարակ դահլիճից բացի, նրանք այդպես էլ ոչինչ չտեսան: Խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անգամ կատակեց՝ գուցե երեխաներին խնդրեն զբաղեցնել պատգամավորների դատարակ տեղե՞րը: «Ես կարծում եմ, երեխաներին պետք է ծափահարենք, կընդունենք երեխաներին»,- իր հերթին, ասաց Գալուստ Սահակյանը:

«Ազատության» հարցին՝ որտե՞ղ են Հանրապետական պատգամավորները, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե տեղյակ չէ, ապա, նույնպես կատակեց, ասելով․ «Վանաձորյան ընդդիմության բոյկոտը վարակիչ է, միամիտ լոռեցիների վանաձորյան բոյկոտը հասավ նաև մայրաքաղաք Երևան, պառլամենտ: Իսկ եթե ավելի լուրջ, չեմ կարող ասել: Ոչ միայն մեր կուսակիցները, բազում կուսակցություններից չկան պատգամավորներ: Մինչև ժամը 15-ը կսպասենք, օրենքով սահմանված կարգով, կլինեն՝ կաշխատենք, չեն լինի՝ չենք աշխատի»:

Լրագրողների հիշեցմանը, որ Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հորդորել էր «խրամատը չլքել» ու չբացակայել Ազգային ժողովի նիստերից, Շարմազանովն աձագանքեց՝ անհանագստանալ պետք չէ, հավելելով՝ «Ես չեմ դատավորը: Հարցին էլ՝ գուցե նոր խրամա՞տ են փորում, պատասխանեց՝ «Հանրապետականի խրամատը նույնն է»:

Կանոնակարգով նախատեսված 3 ժամվա ընթացքում պատգամավորներն այդպես էլ խորհրդարան չներկայացան ու նիստն այդպես էլ չկայացավ: Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ տեղի ունեցածը կազմակերպված էր Հանրապետականի կողմից: Ըստ նրա, իշխող ուժի պատգամավորները միտումնավոր չներկայացան, որպեսզի քվորում չլինի: Պատճառը, Արամ Մանուկյանի, կարծիքով, այն է, որ պարզապես քննարկելու օրինագիծ չի մնացել: Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, սա աննախադեպ երևույթ է, անցած 3 օրերի ընթացքում իշխող Հանրապետականն այնպիսի արագությամբ էր օրենքներ ընդունել, որ օրակարգը պարզապես սպառվել էր:

«Շուրջ 60 օրենք է քվեարկվել, օրենքների նախագծեր կային, որոնց քննարկումները 1-2 րոպե է տևել, դա աննախադեպ բան էր, էդպիսի բան երբեք չէր եղել, որ օրենքների ցուցակն ավարտված լիներ: Սա ուղղակի օրենսդրական գործունեության հանդեպ անլուրջ վերաբերմունք է, և ժողովուրդը պետք է գնահատական տա, եզրակացություն անի: Այսինքն՝ էստեղ նստած են մարդիկ, աշխատում են մարդիկ, որոնց համար օրենսդրական գործունեությունը ոչինչ է: Երեկ քվեարկել են, ասենք, մի 20-30 օրինագիծ, նախորդ օրը 20-30, հարցրեք որևէ պատգամավորի՝ ի՞նչ են քվեարկել իրենք, ի՞նչու են կողմ քվեարկել, իրենք չգիտեն դրա մասին»,- ասաց Արամ Մանուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբանը նույնպես վստահ է, որ հանրապետականները կազմակերպված ձևով քվորում չապահովեցին: «Կարծում եմ հասկանում էին նաև, որ սա վերջին քառօրյան է, և ընդդիմադիր ուժերը փորձելու էին, անգամ վարման կարգով, նաև տարբեր նախագծերի կոնտեքստում, բարձրաձայնել տարբեր խնդիրներ․․․նույն՝ Մասիսում տեղի ունեցած միջադեպի մասին: Եվ իրենք նպատակահարմար գտան անաղմուկ շրջանցել այս օրը»,- նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը: Նրա համոզմամբ, չի կայանա նաև Ազգային ժողովի հաջորդ քառօրյան, քանի որ այն արդեն կհամընկնի նախընտրական քարոզարշավի շրջանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG