Մատչելիության հղումներ

Գյումրիի 24-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Թլիկ գյուղի մոտ տեղի ունեցած սպանության համար


Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 24-ամյա բնակչին՝ Թլիկ գյուղի մոտ 1997 թ.ծնված, Երևանի բնակիչ Կառլեն Գրիգորյանի սպանության համար։

«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երբեմն կատարել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը Գյումրիի 24-ամյա բնակիչը Երևանի Լենինգրադյան փողոցում Կ. Գրիգորյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ համապատասխան վարձավճարի դիմաց իրեն Գյումրի տեղափոխելու շուրջ, որից հետո միասին ուղևորվել են նշված քաղաք:

Երևան-Գյումրի ճանապարհից շեղվելով՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղ մոտ նրանց միջև ավտոմեքենայում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ, ըստ նախնական քննության տվյալների, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցվել Կ. Գրիգորյանի կրծքավանդակին և պարանոցին, պատճառվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ 24-ամյա երիտասարդը տուժողին ավտոմեքենայից հանել է և թողել գյուղամիջյան ճանապարհին, իսկ ինքն ավտոմեքենայով փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն շուրջ 400մ անցնելով, ավտոմեքենան թաղվել է ձյան մեջ, ուստի՝ ճանապարհը շարունակել է ոտքով։ Երիտասարդը հայտնաբերվել է գյուղի մոտակայքում և ձերբակալվել։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ»,- մասնավորապես, նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG