Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետականի (ՀՀԿ) քարոզարշավում գլխավոր դերակատարություն կունենա ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանը, այլ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Կարեն Կարապետյանը, ով վերջերս անդամակցեց Հանրապետականին, նույնիսկ ընդգրկված չէ իշխող ուժի նախընտրական ցուցակում։ Մինչդեռ՝ 2012-ի խորհրդարանական, ինչպես նաև 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը միայնակ էր իրականացնում Հանրապետականի քարոզարշավը:

«Ազատություն». - Այսինքն՝ կարող ենք ասել, որ վարչապե՞տն է գլխավորապես դերակատարություն ստանձնելու քարոզարշավին։

Շարմազանով. - Վարչապետը և առաջին քսանյակը՝ հիմնականում։

«Ազատություն». - Նախագահին չենք տեսնի՞ ելույթներով։

Շարմազանով. - Ես Ձեր հարցին պատասխանեցի։ Չեմ բացառում, բնականաբար, որ կուսակցության նախագահը հանդես կգա ելույթներով, որովհետև ինքը կուսակցության նախագահն է, և կուսակցությունն իր գլխավորությամբ է գնալու՝ անկախ նրանից ինքը ցուցակում կա, թե չկա:

Բայց ավելի ակտիվ քարոզչական գործողություններին կմասնակցեն կուսակցության նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը և համամասնական ցուցակում ընդգրկված առաջին 20-25, միգուցե՝ 30 գործիչները։

«Ազատություն». - Հաշվի առնելով, որ նաև ցուցակում չկա Կարեն Կարապետյանը, ինչո՞ւ է որոշվել, որ հենց նա է ակտիվ լինելու քարոզարշավում։

Շարմազանով. - Ցուցակում չկա` չի նշանակում, որ մեր վարչապետի թեկնածուն չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք հայտարարել ենք, որ հաջողության դեպքում մեր վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, այսինքն՝ կառավարությունը պետք է գործի Կարապետյանի գլխավորությամբ, շատ ավելի արդարացի է, որ հենց այն մարդը, որը հավակնում է հաջողության դեպքում դառնալ վարչապետ՝ գործադիրի ղեկավար, ինքն է իր վրա, անմիջական շփումների միջոցով, հանրությանը ներկայացնի այն տեսլականը, որը նրան հնարավորություն կտա կառավարել առաջիկա տարիների ընթացքում մեր կառավարությունը։

«Ազատություն». - Հաշվի եք առե՞լ այն հանգամանքը, որ նա հնաբնակ չէ որպես Հանրապետական, ավելի դրական ընկալում ունի հանրության կողմից։

Շարմազանով. - Մենք հաշվի ենք առել մի բան, որ Կարեն Կարապետյանը մեր վարչապետի թեկնածուն է։

Իշխող Հանրապետականի քարոզարշավում գլխավոր դերակատարություն ստանձնած Կարեն Կարապետյանն ամիսներ առաջ խոստովանեց՝ անդամակցությունը Հանրապետականին վնաս է հասցրել իր հեղինակությանը: Մեկ այլ հանրապետական՝ այս անգամ հնաբնակ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է, երեկ խոստովանեց՝ Հանրապետական լինելու հանգամանքը խանգարելու է իրեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, քանի որ՝ «հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան»: Մինչդեռ, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձում է՝ իրեն Հանրապետական լինելը օգնում է:

Շարմազանով․ - Ես հպարտ եմ, որ հանրապետական եմ, պատիվ ունեմ՝ լինել հանրապետական:

«Ազատություն»․ - Խնդիրն այն է, որ Հանրապետականից դժգոհում են և հանրապետական լինելու փաստը որպես բացասական երևույթ ներկայացնում են ոչ թե ընդդիմադիրները, այլ Ձեր կուսակիցները: Սա Ձեզ համար մտահոգիչ չէ՞, ահազանգ չէ՞, որ ինչ-որ մի բան այն չէ: Ի վերջո, երբ իշխող Հանրապետականին անդամակցեց վարչապետ Կարեն Կարապետյանը, նա նույնպես այդ մասին խոսեց, ասաց, որ անդամակցությունը իշխող Հանրապետականին իր վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունեցավ:

Շարմազանով․ - Ես էլ պատասխանել և հիմա էլ կրկնում եմ․ անկախ անձերից՝ հանրապետական լինելը բոլորիս համար պատիվ և հպարտություն է: Իմ հայրանունից և իմ քաղաքացիությունից հետո իմ ամենամեծ հպարտությունը՝ լինել Աշոտ Նավասարդյանի ստեղծած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ:

«Ազատություն»․ - Բայց Դուք ընդունո՞ւմ եք, որ ժողովուրդն այսօր բացասական վերաբերմունք ունի իշխող Հանրապետականի մասին, ինչի շուրջ նաև խոսել էր Ձեր կուսակից Կարեն Կարապետյանը:

Շարմազանով․ - Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հանրապետականում ավելի շատ բացասակա՞ն, թե՞ դրական են երևույթները՝ անհամեմատ ավելի շատ դրական են:

«Ազատություն»․ - Կա՞ երկփեղկվածություն իշխող Հանրապետականում ի դեմս նոր վարչապետ Կարեն Կարապետյանի և նախկին թիմի միջև:

Շարմազանով․ - Հանրապետականում չկա նախկին ու ներկա թիմ: Կա մի թիմ և մի թիմի ղեկավար՝ Սերժ Սարգսյան: Սա, խնդրում եմ, ֆիքսեք: Հո սրոկ գոդնոստիով չի՞, դեմբել ես, բան ես․․․ նման բան չկա: Կա հանրապետական, և ի՞նչ կապ ունի՝ էդ հանրապետականը մի ամսվա հանրապետական է, թե տասը տարվա հանրապետական: Դու կա՛մ հանրապետական ես, կա՛մ հանրապետական չես: Կա մի մարմին, և մի գլուխ: Ղեկավարը Սերժ Սարգսյանն է, թիմն էլ մենք ամբողջս ենք:

«Ազատություն»․ - Նա հեռացող նախագահ է, վարչապետի պաշտոնում հայտարարել է, որ չի հավակնում․․․

Շարմազանով․ - Սերժ Սարգսյանը հեռացող քաղաքական գործիչ չէ: Սերժ Սարգսյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ առնվազն առաջիկա 3 տարիների համար կուսակցության համագումարի կողմից՝ միաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG