Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Մարտի 1-ին տեղի ունեցածի մեղավորները երկուսն են


Մյասնիկյան հրապարակում 2008թ. մարտի 1-ին զոհվածների հիշատակին ծաղիկներ խոնարհող ընդդիմադիրներն այսօր միաբերան պնդում էին, որ տասը սպանությունների բացահայտումն անհնար կլինի, քանի դեռ երկրում տեղի չի ունեցել իշխանափոխություն։

2008թ․ թվականի հետընտրական ընդդիմադիր շարժման առաջնորդներից, այժմ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի խոսքով արդար քննության դեպքում մեղադրյալի աթոռին կհայտնվեն այսօրվա իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները։

«Տեղի ունեցածի գլխավոր մեղավորները երկուսն են՝ 2008 թվականին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը և վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Իսկ կոնկրետ իրականացնողները չեն բացահայտվել, կարծում եմ՝ այն պատճառով, որ նրանց բացահայտումը շղթայաբար պրոցեսը կհասցնի նշված անձանց», - նշեց Փաշինյանը:

9 տարի առաջ տեղի ունեցած արյունալի դեպքերից հետո զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ազատազրկման դատապարտված Փաշինյանի համոզմամբ, ո՛չ Ազատության հրապարակում և ո՛չ էլ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում ընդդիմադիրներն ու ցուցարարները զինված չեն եղել։

«Չնայած՝ հիշում եք, հենց հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ ամեն ինչ նկարահանված է, ցույց կտանք․․․ ես համոզված եմ, որ ամեն ինչ նկարահանված է, բայց այդ նկարահանումները մենք մինչև հիմա չենք տեսել: Կարծում եմ՝ դա գործի շատ կարևոր մասն է», - մեկնաբանեց Փաշինյանը:

Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ խոնարհելու եկած՝ 2008թ․ ընդդիմադիր շարժման մեկ այլ առաջնորդ, այժմ կրկին «Ելք» դաշինքը ներկայացնող Արամ Սարգսյանի համոզմամբ էլ, ընդդիմությունն այն ժամանակ ամեն ինչ արել է բախումները թույլ չտալու համար։

«Իմ կյանքում բազմաթիվ դեպքեր կան, որոնց պարագայում, եթե կրկնվեին, ես ուրիշ կերպ կվարվեի: Մարտի 1-ը այդ դեպքերից չէ, և ես չեմ ամաչում այդ օրերին իմ պահվածքի համար, մնացել եմ մինչև վերջին մարդը, արել եմ ամեն ինչ, որ զոհերի թիվը քիչ լինի, արել եմ ամեն ինչ, որ քաղաքին՝ Երևանին, քիչ վնաս պատճառվի», - նշեց Սարգսյանը:

Հանրապետական կուսակցության իշխանության օրոք Մարտի 1-ի գործի քննության հարցում էական առաջընթաց չի ակնկալում նաև այսօր ավելի վաղ Մյասնիկյանի հրապարակում ծաղկեպսակ դրած Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջնորդը։ Խաչատուր Քոքոբելյանը, սակայն, սպանությունների չբացահայտման մեջ մեղավոր է համարում նաև ընդդիմադիրներին՝ «այն առումով, որ մենք չենք կարողացել ստեղծել այնպիսի երկիր՝ ժողովրդավարության իմաստով, արդարադատության իմաստով, որտեղ իրական մեղավորները կանգնեն դատարանի առաջ»:

Ազատ դեմոկրատներից պատգամավորի թեկնածու առաջադրված քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով 2008թ մարտի մեկը պետականության դեմ ուղղված հանցագործություն է, որի չբացահայտվելը տարիներ շարունակ տվել է իր ազդեցությունը։

«Հետևանքները ակնհայտ են՝ դրանք եղել են իշխանության լեգիտիմության խայտառակ պակասը, որոնք օգտագործվել են արտաքին ճակատում և մեծ ճնշումների դաշտ են բացել Հայաստանի վրա», - նշեց Սաֆարյանը:

2008թ․ մարտի մեկից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն այսօր նույնպես հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ըստ էության չպատասխանեց, հարցին, թե արդյո՞ք սպանությունների բացահայտման հարցը քննարկել են երբեմնի կոալիցիոն գործընկեր հանրապետականների հետ։

«Կոալիցիոն գործընկերների հետ խոսել ենք, թե չէ՝ ես կարծում եմ այս հարցը «Բարգավաճ Հայաստանի» և բոլոր քաղաքական ուժերի օրակարգում կա այնքան ժամանակ, քանի դեռ մեր հանրության և նաև զոհերի հարազատների մոտ կա մեկ հարց՝ ինչո՞ւ մեր երկրում հնարավոր եղավ նման ողբերգություն», - նշեց Զոհրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG