Մատչելիության հղումներ

«Իզվեստիա»․ Սարգսյանն ու Պուտինը, այլ հարցերի թվում, Մոսկվայում կքննարկեն նաև ԼՂ խնդիրը


Արխիվ
Արխիվ

Հայաստանի նախագահը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։

Այս մասին այսօր տեղեկացրել է ռուսական «Իզվեստիա» թերթը՝ «Հայաստանի նախագահը գալիս է Մոսկվա տնտեսական համագործակցությունը ամրապնդելու համար» վերնագրված հոդվածում: Այցի մասին տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իզվեստիայի» տվյալներով՝ Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Աղբյուրը նաև նշում է, որ կողմերը կստորագրեն մի շարք «ներդրումային համաձայնագրեր»։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հայաստանցի պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Մոսկվա կժամանի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի միջոցառումների շրջանակներում:

Հայաստանի ղեկավարի այցին նախորդել են մի շարք այլ հայ պաշտոնյաների այցեր։ Նոյեմբերի վերջին Մոսկվայում էր ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հունվարին պաշտոնական այցով ՌԴ մեկնեց վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ փետրվարի 22-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել էր երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։

«Այս այցերի տրամաբանական արդյունքը կլինի նախագահների հանդիպման ժամանակ ակնկալվող մի շարք ռազմա-քաղաքական և տնտեսական համաձայնագրերի ստորագրումը»,- հղում անելով հայաստանյան իր աղբյուրներին, գրում է ռուսական թերթն ու հավելում, որ հանդիպման ժամանակ քննարկման առավել սուր թեմաներից կլինի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղված իրավիճակը: Հոդվածագրի ընդգծմամբ, Բաքուն ու Երևանը բազմիցս բարձրաձայնել են, որ հակամարտության կարգավորման բանակցություններում Մոսկվային է վերապահված գլխավոր դերը:

Հունվար - փետրվար ժամանակահատվածում Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ մոսկովյան հանդիպումներում, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, քննարկել էր հատկապես ղարաբաղյան խնդիրը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Մոսկվայում հասկանում են, որ հայաստանցիների շրջանում աճում է դժգոհությունը ռազմավարական դաշնակցից և այժմ՝ հատկապես հայաստանյան ընտրությունների նախօրեին, փորձում են շտկել ստեղծված վիճակը:

«Այստեղ երկու խնդիր կա, առաջինը ռազմական ոլորտին է առնչվում․ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին և զենք է վաճառում: Երկրորդը վերաբերում է ԵՏՄ-ին, որից Հայաստանը դեռ ոչ մի դրական արդյունք չի ստացել: Դրա պատճառով էր, որ Հայաստանի նախագահն այցելեց Բրյուսել, հանդիպեց ԵՄ ղեկավարների հետ, հայտարարեց, որ Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը պատրաստ է, այցելեց ՆԱՏՕ-ի գրասենյակ: Ակնհայտ է, որ դրա մասին Ռուսաստանում գիտեն, և ես չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի ժամանակ կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ տնտեսական ոլորտին առնչվող»,- ասաց Գրիգորյանը:

Ամենայն հավանականությամբ, Մոսկվան ու Երևանը նաև սպառազինության շուրջ նոր համաձայնագիր կստորագրեն մարտին կայանալիք բանակցություններին։ Այսօր, ի դեպ, Պակիստանում կայացած ադրբեջանա-պակիստանյան բանակցությունների արդյունքում ռազմաքաղաքական համագործակցության ոլորտին վերաբերող համաձայնգրեր են ստորագրվել, ինչի իրագործումը կարող է էլ ավելի խախտել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Այս առնչությամբ, քաղաքագետը նշեց․

«Ռուսաստանը շատ ուշադիր հետևում է այն քայլերին, որ Ադրբեջանն անում է Իսրայելի և Պակիստանի հետ: Ցանկացած դեպքում Ռուսաստանը կուզենա, որ այստեղ բալանսը պահպանվի»:

Առաջիկայում նախատեսված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնական այցը Մոսկվա, որը նույնպես անցնելու է ռուս-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում: Իսկ թե նույն միջոցառումների շրջանակում որտեղ կկայանա Պուտին-Ալիև հանդիպումը, առայժմ հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG