Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել


Հարավային Կորեայի հեռուստատեսությունը հաղորդում է Քիմ Չեն Նամի սպանության մասին, 15-ը փետրվարի, 2017թ․

Մալայզիայի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր՝ Քիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող երկու կանանց:

Հանցագործության մեջ մեղադրվում են Վիետնամի և Ինդոնեզիայի քաղաքացիներ, որոնց սպառնում է մահապատիժ: Նրանք, սակայն, չեն ընդունում իրենց մեղքը:

Կանանց դատարան են բերել անվտանգության ուժեղացված միջոցառումների ուղեկցությամբ, հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը:

Քիմ Չեն Նամը թունավորվել է փետրվարի 14-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի օդանավակայանում՝ նրա դեմքին մահացու թույնով թաթախված թաշկինակ են նետել:

Սպանության գործով կասկածվում են 10 հոգի, որոնցից չորսը արդեն ձերբակալվել են:

Մեղադրյալներից մեկը ավելի վաղ հայտարարել է, թե «կարծում էր՝ հարձակումը խաղարկություն է »: Նրա խոսքով, մինչև հարձակումը անծանոթ անձը 90 դոլար էր վճարել իրեն` խնդրելով Քիմ Չեն Նամի դեմքին «մանկական յուղի» նման հեղուկ շփել:

Քիմ Չեն Նամը Հյուսիսային Կորեային նախկին առաջնորդի ավագ որդին է: Վերջին տարիներին նա հիմնականում բնակվում էր արտասահմանում և հրապարակայնորեն քննադատում էր Փհենյանի իշխանություններին:

Հարավկորեական լրատվամիջոցների տվյալներով՝ սպանության ետևում կարող են կանգնած լինել Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG