Մատչելիության հղումներ

Ռուս փորձագետ․ Եթե Երևանը Բրյուսելի հետ իր կապերում «շատ հեռուն գնա», Մոսկվան կփոխի դիրքորոշումը


Շփման գծում, արխիվ
Շփման գծում, արխիվ

Շփման գծում անցած շաբաթավերջին տեղի ունեցած բախումներից հետո ղարաբաղյան խնդիրը կրկին հայտնվել է միջազգային կառույցների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Իրավիճակի սրման կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել ՄԱԿ-ը: Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը տեղեկացրել է, որ կառուցի ղեկավար Անտոնիո Գուտերեշն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը և ներկայիս վտանգավոր մակարդակի հետագա վատթարացման կանխմանն ուղղված ջանքերին։

Խոսնակի փոխանցմամբ, Գուտերեշը բոլոր կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ հրադադարի համաձայնագիրը խախտող որևէ գործողությունից ու հորդորել անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավն էլ Ռուսաստանին մեղադրել է Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու մեջ։ «Հայաստանում իր ռազմական ներկայությամբ, Ադրբեջանին սպառազինության վաճառքով, ինչպես նաև կողմերին ցուցաբերած իր օժանդակության շահարկման միջոցով Ռուսաստանը ապակայունացնում է իրավիճակն այդ տարածաշրջանում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի զորահրամանատարը:

Հակամարտության կարգավորման վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկը, «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ասելով, թե «անցած տարի դեկտեմբերին սեղանին հետաքրքիր առաջարկներ կային»: Նախկին համանախագահը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ առաջարկների մասին է խոսքը:

Փորձագետները փաստում են, որ բանակցային գործընթացն այսօր փակուղում է, իսկ կողմերը կոշտացրել են իրենց դիրքորոշումները։ Ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևի կարծիքով՝ լարվածությունը շփման գծում սպասելի էր և շարունակական բնույթ է կրելու: «Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն չեն գնում զիջումների, ընդհակառակը՝ բարձրացրել են իրենց խաղադրույքները: Միջազգային հանրությունն էլ մի կողմից չի ուզում ներքաշվել այս հակամարտության մեջ, մյուս կողմից էլ պատշաճ ուշադրություն չի դարձնում դրան։ Այս պայմաններում Բաքուն անընդհատ գնալու է իրավիճակի սրացման»,- «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց ռուս փորձագետը:

Վերջինս թեև ընդգծում է, որ քառօրյա պատերազմից հետո լայնածավալ պատերազմի հավանականությունն աճել է, այդուհանդերձ, առաջիկայում 2016-ի արյունալի բախումների կրկնություն չի կանխատեսում: «Այսօր պատկերը բոլորովին այլ է .. եթե ինչ-որ ավելի լուրջ բան լիներ, կողմերի գործողություններն այլ կլինեին»:

Ռուսական պետական լրատվական գործակալությունների ուշադրությունից, ի դեպ, չի վրիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցը։ Ըստ Եպիֆանցևի՝ պաշտոնական Մոսկվայի արձագանքը կախված կլինի այն բանից, թե «ինչքան հեռուն կգնա Երևանը»: «Իհարկե, եթե Մոսկվան զայրանա, կփոխի իր դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում»,- ասում է փորձագետը, շարունակելով՝

«Այսօր Մոսկվան փորձում է պահպանել ստատուս քվոն Ղարաբաղի հարցում, ինչը ձեռնտու է Հայաստանին։ Բայց, եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունն ու հեռանա Ռուսաստանից, Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը՝ որդեգրելով ավելի ադրբեջանամետ դիրքորոշում։ Օրինակ՝ այլ կարգի զենք կվաճառի Ադրբեջանին, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ավելի կոշտ կլինի, կհիշի, օրինակ, ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդի հայտնի չորս հռչակագրերը»։

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, մինչդեռ, համոզված է, որ Հայաստանի նախագահի այցը Բրյուսել և այնտեղ նրա արած հայտարարություններն ամենևին էլ չեն նշանակում, որ պաշտոնական Երևանը փոխել է իր արտաքին քաղաքականության վեկտորը:

«Հայաստանի ղեկավարությունը շատ լավ հասկանում է, թե ինչ լծակներ ունի Ռուսաստանը ազդելու, եթե Հայաստանը փորձի փոփոխել իր ռազմական քաղաքականությունը: Դա Հայաստանի ընտրությունն էր՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում սահմանափակվել միայն այն ոլորտներով, որոնցում Ռուսաստանի հետ խնդիրներ չեն լինի: Հետևաբար՝ ես չեմ կարծում, որ մենք տեսանելի ապագայում ինչ-որ լուրջ խնդիրներ կունենանք Մոսկվայի հետ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Վերջինիս համոզմամբ, Երևան-Բրյուսել հարաբերությունների հետ կապված Հայաստանի և Ռուսաստանի միջև կոնսուլտացիաներ են տեղի ունեցել, բացի այդ, «պաշտոնական Երևանը բավական լուրջ հետևություններ է արել հնարավոր վտանգներից, այդ թվում նաև՝ 2013 թվականի սեպտեմբերի հայտնի իրադարձություններից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG