Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ ՀՀ-ում տեղի ունի կուսակցության և պետության սերտաճում


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Հանրապետական կուսակցության Արագածոտնի մարզային և Աշտարակի տարածքային գրասենյակները գտնվում են հենց քաղաքապետարանի շենքում։ Նորընտիր քաղաքապետի խոսքով, տարածքը դեռ 90-ականներին է ավագանու որոշմամբ հատկացվել կուսակցությանը՝ սեփականության իրավունքով։

Անկուսակցական քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը թեև պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին, բայց ասում է, թե որոշել է ուղղել քաղաքի նախկին իշխանությունների սխալը:

Ըստ Ընտրական օրենսգրքի, ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորվել ընտրական շտաբներ, սակայն դրանք չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրական շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք։

Եվ չնայած Աշտարակում պնդում են, որ քաղաքապետարանի մի հատվածը ՀՀԿ-ի սեփականությունն է, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) դեռ 2013-ին էր դատապարտել այս երևույթը՝ այն համարելով Ընտրական օրենսգրքի խախտում։

Փոխքաղաքապետ Գևորգ Եղիազարյան խոսքով, կուսակցության գրասենյակում քարոզչություն չեն իրականացնում։ Այդուհանդերձ մինչև ապրիլի 2-ը այն տեղափոխել չեն կարող․ - «Քանի որ դա կուսակցության սեփականությունն է, համայնքապետարանը կամ որևէ այլ մարմին իրավասու չէ այս կամ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձի սեփականության նկատմամբ ոտնձգություն կատարել: Պարզապես համայնքի ղեկավարի դիրքորոշումն է՝ նստել բանակցությունների և առաջարկել համարժեք տարածք կուսակցությանը»:

Հանրապետական կուսակցության մարզային գրասենյակի ղեկավար, Գեղարքունիքի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում չհերքեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ շտաբnերը կհամակարգվեն հենց գրասենյակից․ - «Կուսակցության գրասենյակը պետք է կուսակցության նախընտրական բոլոր պրոցեսներին․․․ ակտիվ մասնակցություն, քննարկում, աջակցություն»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի փոխանցմամբ՝ Ալավերդիում նույնպես դեռ նախորդ ընտրություններից քաղաքապետարանում ՀՀԿ շտաբ էր գործում․ - «Սա հիշեցում է վաղուց անցած կոմկուսի ժամանակները, երբ կոմկուսը ուներ ոչ միայն անձնական սեփականության շենք, այլ նաև կոմկուսին պատկանող սեփականության տարածքներում էին գործում պետական տարբեր մարմիններ: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ տեղի ունի Հայաստանի Հանրապետությունում կուսակցության և պետության սերտաճում, որի մասին, ի դեպ, հենց ԺՀՄԻԳ-ը մտահոգություն արտահայտել էր: Իսկ բազմաթիվ անգամ մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է քննարկման առարկա հանդիսանա Հանրապետական կուսակցության կողմից իր սեփականության ձեռք բերման օրինաչափության հարցը: Ինչքանո՞վ է այն հիմնավոր: Որովհետև փաստ է, որ, ըստ հայտարարագրերի, Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններին Հանրապետական կուսակցությունը, որը արդեն մոտ քսան տարի իշխանության մեջ է, ամենաշատ սեփականություն ունեցող կուսակցությունն է»:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ևս կոռուպցիոն մեծ ռիսկեր է նկատում համայնքապետարաններում իշխող կուսակցության գրասենյակնիերի տեղակայման մեջ․ - «Եթե դա գտնվում է պետական հիմնարկության, պետական մարմնի տարածքում, թեկուզ դա օրենքով էլ թույլատրվի, կան նաև միջազգային չափանիշներ: Դա արդեն հենց քաղաքական կոռուպցիայի դրսևորում է: Ժողովրդավարական երկրներում այդպիսի բան չկա»:

XS
SM
MD
LG