Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. «Շփման գծի երկայնքով արձանագրվող բռնության դեպքերը մտահոգիչ են»


Սերժ Սարգսյան և Յենս Ստոլտենբերգ, Բրյուսել, 27-ը փետրվարի, 2017 թ․

Սերժ Սարգսյան և Յենս Ստոլտենբերգ, Բրյուսել, 27-ը փետրվարի, 2017 թ․

«ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Միսնկի խմբի` ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերը»,- Հայաստանի նախագահի հետ Բրյուսելում կայացած համատեղ մամլո ասուլիսում նաև հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը մտահոգում է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը: Այս մասին երեկ երեկոյան Բրյուսելում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Շփման գծի երկայնքով շարունակվող բռնությունները, այդ թվում՝ անցած հանգստյան օրերին տեղի ունեցածը մտահոգում են ինձ: Լարվածության հետագա աճից խուսափելը խիստ կարևոր է, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Շարունակվող այս հակամարտությունը արգելակում է տարածաշրջանի զարգացումը: Դա է պատճառը, որ մենք խրախուսում ենք թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին` վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Միսնկի խմբի` այդ ուղղությամբ գործադրած ջանքերը»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Սերժ Սարգսյանի համոզմամբ էլ՝ ղարաբաղյան խնդիրն այլևս դժվար է դասել սառեցված հակամարտությունների շարքին: «Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը, ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ է», և այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Շնորհակալ եմ, պարոն Գլխավոր քարտուղար, մեզ աջակցելու համար, ես ի նկատի ունեմ՝ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու համար»,- իր հերթին հայտարարել է Սերժ Սարգսյանը:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երեկ կայացած բանակցությունների ընթացքում Հայաստանի ղեկավարն ու դաշինքի գլխավոր քարտուղարը քննարկել են նաև հետագա համագործակցության հեռանկարները: Ստոլտենբերգը հատուկ ընդգծել է հայ զինվորականների մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող մի շարք գործողություններին:

«Մեր գործընկերությունը զարգացրել ենք երկար տարիների ընթացքում: Այս տարի մենք նշում ենք Հայաստանի կողմից Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին անդամակցելու 25-ամյակը: Դա որոշիչ մի ժամանակաշրջան է, որն անմիջականորեն հաջորդել էր Սառը պատերազմի ավարտին: Հենց դա էր մեր գործընկերության հիմքը, որի վրա մենք երկար տարիների ընթացքում կառուցում էինք մեր հետագա համագործակցությունը: Շատ շնորհակալ եմ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված՝ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությանը Հայաստանի մասնակցության և այդ գործում ունեցած ներդրման համար: Հայաստանը աջակցում է նաև Կոսովոյում մեր կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը, ինչը նպաստում է Արևմտյան Բալկաններում կայունության ապահովմանը: Հայկական ստորաբաժանումները նպաստում են այդ երկներում կայունության հաստատմանը, և մենք երախտապարտ ենք այդ ավանդի համար»,- նաև հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Ի՞սկ որքանով է համատեղելի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում պաշտոնական Երևանի անդամակցության հետ: Ասուլիսին ներկա հայ լրագրողներից մեկի այս հարցին պատասխանելով` Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, թե այստեղ «որևէ հակասություն չկա»:

«Անշուշտ՝ տարբեր նպատակներ են հետապնդում թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ ՀԱՊԿ-ը, բայց նորից եմ կրկնում՝ մեր պրակտիկան խոսում է այն մասին, որ հնարավոր է, որ երկիրն իր ազգային անվտանգությունն ապահովելու համար համագործակցության եզրեր գտնի տարբեր ձևաչափերում: Իմիջիայլոց, ասեմ, որ երբ բանակցություններ էինք վարում Եվրամիության հետ, երբ խոսք էր գնում Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության մասին, և Եվրամիությունում որոշակի մտահոգություն էին հայտնում այս առիթով, մենք բերում էինք ՆԱՏՕ-ի օրինակը, ասելով, որ լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ, մենք 25 տարի համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, և դրանից որևէ վատ բան չի պատահում: Կարծում եմ, որ մեր օրինակն ուսանելի է, և մենք շարունակելու ենք մեր այս քաղաքականությունը»,- պատասխանել է Հայաստանի ղեկավարը:

Սերժ Սարգսյանն, ի դեպ, երեկ Բրյուսելում կայացած ասուլիսի ընթացքում նաև հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հակված է շարունակել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացմանն ուղղված քննարկումները, բայց արդեն ոչ թե դաշինքի կենտրոնակայանում, այլ Հայաստանի մայրաքաղաքում:

«Ես պարոն գլխավոր քարտուղարին հրավիրեցի Հայաստան, որը շատ լավ առիթ կլինի՝ ի մի բերելու այս 25 տարիների ընթացքում մեր կատարածը և նախանշելու մեր ապագա գործողությունները»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG