Մատչելիության հղումներ

Սարգսյանը Ստոլտենբերգի հետ հանդիպմանն անդրադարձել է Ղարաբաղյան խնդրին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքայի այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Սերժ Սարգսյանը և Յենս Ստոլտենբերգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, որի ժամանակ Սարգսյանը մասնավորապես ասել է․

«Այս տարի լրանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25-ամյակը: Ես պարոն Գլխավոր քարտուղարին հրավիրեցի գալ Հայաստան, որը շատ լավ առիթ կլինի ի մի բերելու այս 25 տարիների ընթացքում մեր կատարածը և նախանշելու ապագա մեր գործողությունները:

Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության արդյունքում զարգացնելով խաղաղապահության ոլորտում իր կարողությունները՝ Հայաստանը վերջին տարիներին ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը. Կոսովոյում և Աֆղանստանում ընդգրկվածությանը զուգահեռ այսօր մեր զինվորականները մասնակցում են նաև ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում և Մալիում իրականացվող առաքելություններին: Ուրախությամբ եմ նշում, որ Հայաստանը Դաշինքի և անդամ պետությունների կողմից գնահատվում է որպես «ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր»:

Անշուշտ, անդրադարձ կատարեցինք մեր տարածաշրջանի ամենապայթյունավտանգ անվտանգային մարտահրավերին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: Այս համատեքստում մեծապես կարևորեցի ՆԱՏՕ-ի և անձամբ պարոն Ստոլտենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Շնորհակալ եմ, պարո՛ն Գլխավոր քարտուղար, մեզ աջակցելու համար, ես ի նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու համար:

Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ» է, և այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Մենք փաստեցինք, որ համաձայն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի՝ «Հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումը, ազատության և արդարության ապահովումը, և ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG