Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանու նիստը կրկին չկայացավ


Վանաձորի ավագանու արտահերթ նիստն այսօր չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով:

Նիստին ներկա էր միայն քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը (ՀՀԿ): Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները շարունակում են բոյկոտը՝ փորձելով պարզել, թե ովքեր են հոկտեմբերի 10-ին իշխող ուժի թեկնածուի օգտին քվեարկած ավագանու չորս ընդդիմադիր անդամները:

Բացատրելով, թե ինչու չեն ներկայացել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամները՝ քաղաքապետն ասաց․ - «Մեր ֆրակցիան, խորհրդակցելով Դաշնակցության ֆրակցիայի հետ, որոշեցինք այսօր մենք ևս չապահովենք նիստի իրավազորությունը, որպեսզի մեր ավագանու ընդդիմադիր գործընկերներին ևս մեկ անգամ շանս կամ ժամանակ տանք, որպեսզի Վանաձոր քաղաքի վերաբերող խնդիրների լուծման համար մեր ընտրված ավագանու անդամները նույնպես ներկայանան նիստերին»:

Մամիկոն Ասլանյանը պնդեց, թե 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի համաձայն, ավագանու անդամների մեկ քառորդի ներկայությունը բավարար է նիստ գումարելու և որոշումներ ընդունելու համար․ - «Սահմանվում է, որ որոշումները, ուղերձները, հայտարարությունները և նմանատիպ ակտերը ավագանին կարող է ընդունել ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու ընդհանուր թվի մեկ քառորդի չափով»:

Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը հակադարձում է․ - «Ավագանու անդամների օրենքով սահմանված թիվը 33 հոգին է, 33-ի կեսից ավելին 17 հոգին է, 17 հոգու կեսից ավելին 9 հոգին է, որը կարող է որոշում կայացնել՝ եթե 17 հոգով իրավազոր նիստը բացվել է»:

Մինչ Հանրապետականները համոզված են, թե ընդդիմադիրների բոյկոտը ինչ-որ տեղ նաև նախընտրական բնույթ է կրում, և ԱԺ ընտրություններից հետո ավագանու անդամները կներկայանան նիստերին, Քրիստ Մարուքյանը լրագրողների հետ բացառեց, թե «Լուսավոր Հայաստանը» կարող է փոխել իր որոշումը․ - «Դրա ենթատեքստը հետևյալն է, որ այն ուժերը, որոնք բոյկոտի մեջ են այս պահին, իրենք նման զարգացման սցենար են թույլ տալիս, որ ընտրությունների արդյունքում հնարավոր ձևավորվելիք կոալիցիայի մեջ հնարավոր է լինեն այն ուժերը, որ այսօր բոյկոտի մեջ են, և կոալիցիա կազմելով Հանրապետականի հետ, նրանք այդ հիմնավորմամբ կգնան ավագանու նիստերին: Մենք բացառում ենք Հանրապետական կուսակցության հետ հետընտրական կոալիցիաների ձևավորումը»:

XS
SM
MD
LG