Մատչելիության հղումներ

Թրամփի բյուջեի նախագիծը պատրաստ է, զգալիորեն ավելացվել են ռազմական ծախսերը


Փետրվարի 27-ին ԱՄՆ-ի վարչակազմը 2018 թվականի բյուջեի նախագիծը ուղարկելու է ֆեդերալ կառույցներին, դեպարտամենտներին և գործակալություններին, որտեղ նշված է նրանց համար առաջարկվող ֆինանսավորումը: Նրանք կարող են առաջարկություններ ներկայացնել: Սրանք երկար գործընթացի քայլեր են, որի վերջում բյուջեն հաստատելու է Կոնգրեսը:

Նախագիծը ենթադրում է պաշտպանական ծախսերի զգալի աճ, ինչը խոստացել էր նախագահ Դոնալդ Թրամփը: Փոխարենը նախատեսվում են կրճատումներ պետքարտուղարության, շրջակա միջավայրի պահպանության գործակալության և պաշտպանական ոլորտի հետ կապ չունեցող ծրագրի ֆինանսավորումից: Այս մասին հաղորդում են «Ասոշիեյթեդ փրես» ու «Ռոյթերզ» գործակալությունները՝ վկայակոչելով հարցին մոտ կանգնած պաշտոնյաներին:

Պաշտոնյաներից մեկը «Ռոյթերզին» ասել է, թե պաշտպանության ոլորտի գումարների մի մասն ուղղվելու է նոր ռազմանավերի ու մարտական ինքնաթիռների ավելացմանը, որի նպատակն է ավելի հզոր ներկայություն ապահովել ծովագնացության միջազգային ճանապարհների առանցքային կետերում:

Ինչ վերաբերում է կրճատումներին, ապա Պետդեպարտամենտի բյուջեն նախատեսվում է կրճատել միանգամից 30 տոկոսով, ինչի արդյունքում պետդեպարտամենտի բաժինները զգալիորեն կրճատվելու են, իսկ մի շարք ծրագրեր փակվելու են:

Լրատվական գործակալությունների հաղորդած այս տեղեկատվության վերաբերյալ Սպիտակ տունը այս պահին մեկնաբանություններ չի տալիս:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ի իր ելույթում խոստացել էր Ամերիկայի պատմության մեջ ունենալ ռազմական ամենամեծ բյուջեներից մեկը: Դեռևս պարզ չէ, թե որքան է նախատեսվում ավելացնել տարեկան 600 միլիարդ դոլարի ռազմական բյուջեն:

«Ասոշիեյթեդ փրեսը» նաև հաղորդում է, որ մարտի 1-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրելու է նոր հրամանագիր՝ սահմանափակելու միգրանտների և փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ:

Հիշեցնենք՝ մահմեդական յոթ երկրների քաղաքացիների մուտքը արգելող Դոնալդ Թրամփի նախկին հրամանագրի իրականացումը սառեցվել է ֆեդերալ դատավորների կողմից: Նոր հրամանագիրը ավելի վաղ էր ակնկալվում, բայց Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերն ասել է, թե անթերի փաստաթուղթ կազմելու համար ժամանակ էր պետք: Նախկին հրամանագիրը կասեցվելուց հետո Թրամփն ասել էր, թե նոր հրամանագիրը կստորագրի, նորից պնդելով, որ խստացումը անհրաժեշտ է պոտենցիալ ահաբեկիչների ներթափանցումը կանխելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG